2 Մայիսի, 2017

Մոսկվայում տեղի է ունեցել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու Խաչիկ Բալասանյանի շքեղ հարսանիքը: Armtimes.com-ի տեղեկություններով հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել ապրիլի 28-ին մոսկովյան հայտնի հայկական «Հին Ֆայտոն» ռեստորանային համալիրում, որը գործում է 2005 թվականից: Պսակադրության համար ընտրվել է 2013 թվականին Մոսկվայում կառուցված Սուրբ Պայծառակերպության Մայր եկեղեցին:

«Հարսանիքը եղել է, բայց մի շաբաթ մնալու են Մոսկվայում յոթ օր յոթ գիշեր հարսանիք են անում»,- տեղեկացրեց armtimes.com-ի աղբյուրը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ Բալասանյանը Գյումրիից հարյուրի հասնող հյուրեր է տարել. «Մե սամայլոտ ժողովուրդ է տարել: Իր համար դա ի՞նչ է»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ որոշեց Բալասանյանը որդու հարսանիքը Մոսկվայում անել, Բալասանյաններին մոտ կանգնած մեր աղբյուրը նշեց. «Մարդկանց աչքից հեռու արեց, որ մատի փաթաթան չդառնա»:

Armtimes.com-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Գյումրու քաղաքապետի որդին նշանադրվել է մոսկվաբնակ մեծահարուստ բիզնեսմենի դստեր հետ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն Բալասանյանի խնամին նախկինում «տամոժնու» պետ է եղել, իսկ այժմ բիզնես ունի Մոսկվայում:

Խաչիկ Բալասանյանի կինը Արփինեն, ապագա իրավաբան է, ուսանում է Երեւանի պետական համալսարանում:

Լրահոս