«Փաստ» օրաթերթը գրում է.
«Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին և ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Թեհրանում կայացած բանակցություններում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և դեմ արտահայտվել տարածաշրջանի գործերում արտաքին խաղացողների միջամտությանը: Բաղերի Կանին ասել է, որ «կովկասյան տարածաշրջանի գործերին արտաքին միջամտության աճը պահանջում է ռազմավարական համակարգում և մշտական խորհրդատվություն Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև»:
Այս առումով, նրա խոսքով, «կարևոր է առավելագույնս օգտագործել տարածաշրջանային մեխանիզմների ներուժը, ինչպիսին է «3+3» հարթակը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա) արձագանքելու համար տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերներին»։ Թեմային անդրադարձել է Հանրապետության հրապարակ տելեգրամյան ալիքը նշելով, որ փաստացի Մոսկվայի և Թեհրանի մեսիջն է Փաշինյանին ՀՀ-ն չդարձնել Արևմուտքի հակառուսական և հակաիրանական պլացդարմ, իսկ Հարավային Կովկասի խնդիրների լուծումը գտնել ռուսական և իրանական գեոպոլիտիկ շահերը հաշվի առնելով:
«ՌԴ-ն և Իրանը տասնամյակներ շարունակ եղել են ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցները ռուսական և իրանական շուկաները կարևոր են հայկական տնտեսության համար, ՀՀ-ի էներգետիկ անվտանգությունն ապահովում են ՌԴ-ն և Իրանը: ՀՀ-ն պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին կապերը զարգացնելով հարաբերությունները նաև Արևմուտքի, Հնդկաստանի հետ, սակայն ոչ ի հաշիվ ռուսական և իրանական ուղղությունների:
ՌԴ-ն և Իրանն երբեք թույլ չեն տա, որպեսզի ՀՀ-ն դառնա ՆԱՏՕ-ի անդամ կամ իր տարածքում տեղակայի արևմտյան ռազմաբազաներ: Այսպիսով, ՀՀ-ի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան չպետք է Հայաստանը դարձնեն գերտերությունների «proxy war»-ի թատերաբեմի»,-գրում է հեղինակը»:
Մանրամասները «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: