7 Փետրվարի, 2023

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գրիգորը ծնունդով Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղից է: Մայրիկը նշում է երբ ծնվեց, շատ փարթամ երեխա էր, կշռում էր 4,9 կգ: «Քաշը մեծ էր, պորտալարը փաթաթվել էր վզին, շատ դժվարությամբ եմ ծննդաբերել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան: Հասկանում եմ, որ այս մանրամասների փոխանցումը բոլորովին էլ պատահական չէ, ուղղակի այս կերպ մայրիկը հեռավոր 2002 թվականն է տեղափոխվում, երբ լույս աշխարհ է եկել սիրելի որդին: Մանկության տարիների մասին խոսելիս հավելում է դեռ փոքրուց «տղամարդ-տղա» էր, ձևավորված հստակ բնավորություն ուներ:

«Շփվում էր տարիքով ավելի մեծերի հետ: Հարգված էր գյուղում, սիրված: Իրեն «լորդի տղա» էին ասում բոյը 1,80 մ, նիհար, սևաչյա: Համեստ ու բարի էր Գոքորը, փոքրի հետ փոքր, մեծի հետ մեծ: Գոնե մեկ անգամ ինձ դպրոցից, օրինակ չեն զանգահարել ու կանչել, թե որդիս որևէ անկարգություն է արել: Ծնողական ժողովների ժամանակ դպրոցից չէր վերադառնում այնքան ժամանակ, մինչև բոլոր ծնողները գնում էին տուն: Հետո ինքն էր գալիս տուն մամա՛ ջան, ամենասիրունը դու էիր: Երբ ճաշ էի պատրաստում, ուտում էր մա՛մ ջան, շատ համով է: Ամեն երեխա չի, որ հաճախ նման բաներ է ասում ծնողին, իսկ Գրիգորը հակառակը, ամեն անգամ շեշտում էր գեղեցիկ ես, համով ճաշ էիր եփել և այդպես շարունակ: Իրենից «մամա ջան»-ից բացի ուրիշ բան չեմ լսել»,

-նշում է զրուցակիցս:

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Աննան անկեղծանալով ասում է չէր սիրում սովորել, և քույրիկը, որը մեկ տարով Գրիգորից մեծ է, շատ էր օգնում տնայինների և մնացած հարցերում. «Փոքր տարիքից մեքենա էր վարում, մեքենաներ քանդել-հավաքելն իր տարերքն էր, սիրում էր, հաճույքով անում: Տան վերանորոգմամբ էր զբաղվում: Մեր տանը չկա մի բան, որ Գոքորի մատը կպած չլինի: Այս արհեստները սովորել է պապիկից ու հայրիկից»: Մայրիկը միշտ կողմ է եղել, որ Գրիգորը ծառայի բանակում: «Ասում էի Գրիգո՛ր, տղան պետք է ծառայի: Այդ ոգով եմ իրեն դաստիարակել: Երբ արդեն մեծացավ, ինքն էր ասում երկու տարի կծառայեմ, կվերադառնամ: Եկավ ժամանակը, բոլոր «կամիսիաներն» անցավ, ինձ չէր թողնում իր հետ գնալ:

Առողջ երեխա եմ տվել բանակին: Այնքան ոգևորված էր, որ պետք է ծառայության մեկնի, անգամ զարմանում էի: Երբ վերջին հետազոտությունն անցել էր, եկավ տուն մա՛մ, պատրաստ եմ ծառայության, մնում է կանչեն ինձ: Ամեն օր ասում էր մա՛մ, իմ «պավեստկան» եկե՞լ է, միշտ ասում էի Գոքո՛ր, այդքան շտապո՞ւմ ես: Երբեք չեմ մոռանա օրը, երբ զանգահարեցին ու կանչեցին զինկոմիսարիատ: Քույրիկն իրեն զանգեց, տեղյակ պահեց: Այդ ժամանակ պապիկի հետ Սպիտակում էր, մեքենայի անիվն ինչ-որ խնդիր է ունենում: Պապիկն ասում է սպասի՛ր, հիմա կարգավորեմ, միասին գնանք: Չի դիմանում չէ, գնամ զինկոմիսարիատ, ծանուցագիրս վերցնեմ: Շատ ուրախ, մարտական տրամադրված ճանապարհել ենք բանակ»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս