23 Հունիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կնքված վերջին պայմանագրերը և ուշագրավ փաստեր արձանագրել։ Պարզվում է՝ երկրի գլխավոր ֆինանսական գերատեսչությունը, որը կոչված է մշակելու և իրականացնելու պետական ֆինանսական քաղաքականությունը, սեփական կարիքների համար միլիոնավոր դրամների խորհրդատվական ծառայություններ է ձեռք բերում արտաքին մասնագետներից։

Մասնավորապես, նախարարությունը ՀՀ քաղաքացի Լուսինե Միքայելյանի հետ այս տարվա հունիսի 4-ին կնքել է 4 մլն 40 հազար դրամ արժողությամբ պայմանագիր՝ ֆինանսական մասնագետի խորհրդատվական ծառայությունների մատուցման համար։ Պայմանագրում, մասնավորապես, նշված է. «Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրի շրջանակներում Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի կառավարման (ԿՖԿՏՀ) ծրագրի ֆինանսական մասնագետի խորհրդատվական ծառայությունների մատուցման պարտավորությունը»։
Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ֆինանսական մասնագետի ծառայություն է ձեռք բերել պայմանագրային հիմունքներով։

Սակայն սա միակ դեպքը չէ։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրած փաստաթղթերից պարզ է դառնում, որ նույն օրը նախարարությունը մեկ այլ պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքացի Հասմիկ Օրդուխանյանի հետ՝ գնումների մասնագետի խորհրդատվական ծառայությունների մատուցման նպատակով։ Պայմանագրի արժեքը կազմել է 13 մլն 56 հազար դրամ։

Պայմանագրում նշվում է. «Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրի շրջանակներում Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի կառավարման (ԿՖԿՏՀ) ծրագրի գնումների մասնագետի խորհրդատվական ծառայությունների մատուցման պարտավորությունը»։

Փաստացի, նախարարությունը, որի հիմնական գործառույթների շարքում են պետական ֆինանսների և գնումների համակարգերի կառավարումն ու վերահսկողությունը, նշված ծրագրի շրջանակներում ներգրավել է արտաքին խորհրդատուների՝ ֆինանսական և գնումների մասնագետների ծառայություններ ստանալու նպատակով։ Ընդ որում, երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 17 մլն դրամ։

Լրահոս