25 Հուլիսի, 2024

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գառնիկս բացարձակ վախ չուներ: Մանկուց էր այդպիսին, վախ չուներ ոչ մի բանի հանդեպ: Ակտիվ էր, էներգիան անսպառ: Իր ակտիվությունն ու էներգիան պահպանվեցին տարիքի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աղավնին Գառնիկի մայրիկը:

Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է որդին լավ էր սովորում: «Ուսուցիչները պատմում են նույն ժամանակահատվածում կարողանում էր խոսել, գրել, կարդալ, լսել ու պատասխանել, թե, օրինակ ուսուցիչն ինչ հարցրեց այդ պահին: Բոլորն ապշում էին Գառնիկի այդ ընդունակության վրա: Օտար լեզուներ շատ էր սիրում: Երեք տարեկանից աստիճանաբար սկսեց անգլերեն ուսումնասիրել: Առաջին դասարանում արդեն սկսեց օտար լեզու պարապել: Հինգ տարեկանում արտակարգ շախմատ էր խաղում: Գյուղի մասշտաբով մասնակցել է սիրողական մրցաշարերի: Դպրոցի նվագախմբում է նվագել: Տարբեր սպորտաձևերի է հաճախել K1, մուայթայ, բոքս: Բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր ունի»: Սպորտ, երաժշտություն, ուսում: Մայրիկի խոսքով, որդին ամեն ինչ հասցնում էր: «2020 թ.-ին դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Օտար լեզուներն էին իր հետաքրքրության տիրույթում, սիրում էր բարձունքում լինել, այդ պատճառով նաև ընտրեց միջազգային հարաբերությունների ուղղությունը»,- ասում է տիկին Աղավնին ու հավելում. «Տղաս մնաց բարձունքում»:

Բուհում մեկ կիսամյակ սովորելուց հետո 2021 թ. փետրվարի 12-ին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Սկզբնական շրջանում ծառայել է Խնձորեսկում, հետո Գորիսի «Զանգեր» զորամասում: Գառնիկը զորակոչվել է ծառայության 44-օրյա պատերազմից հետո: Երբ մայրիկին հարցնում եմ որդին ունե՞ր մտավախություններ, անհանգստություն, տիկին Աղավնին արձագանքում է. «Գառնիկը չէր վախենում: Ասում էր. «Մա՛մ, գիտե՞ս, թե ծառայության լավը որն է, որ դու ես քո գլխի տերը, պիտի պայքարես, պայքարես նաև քո կյանքի համար»: Ծառայության ընթացքում որևէ բանից չէր նեղվում: Ինքն այնպիսին էր, որ իր համար անհնարին ոչինչ չկար: Չէր սիրում մեզ պատմել ծառայությունից, հիմնականում ընկերների հետ էր կիսվում: Միակ բանը, որ տանն ասում էր, «սաղ տոչնի ա, մերս, դու ես քո գլխի տերը»: Գառնիկի համար կարծես նպատակ ու ցանկություն էր դարձել, որ փոքր եղբայրը չծառայի: Այնպես ստացվեց, որ իր զոհվելուց հետո թե՛ միջնեկ, թե՛ փոքր եղբայրները չծառայեցին:

Միջնեկ որդիս նույն ընթացքում արդեն ծառայում էր Փոքր Իշխանասարում, հրաշքով տուն է վերադարձել»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի Հանրապետության սահմաններին պատերազմ էր: Տիկին Աղավնին ասում է որդին միշտ զանգահարում էր, զրուցում էին: «Հետո ասում էր լավ, մե՛րս, կխոսենք: Իսկ վերջին անգամ, երբ զանգահարեց, ասաց լավ, մե՛րս, չգիտեմ, թե էլ երբ կխոսենք: Հիմա, երբ մտովի վերադառնում եմ այդ օրեր, հասկանում եմ, որ երբեք զրույցների ժամանակ նման արտահայտություն չի արել: Սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամը ութին ենք զրուցել, դա իր վերջին զանգն էր: Արթուն էի, միջնեկ տղայիս գրեցի. «Գարի՛կ, սոցցանցերում գրում են, որ պատերազմ է լինելու, զգույշ եղի»: Գառնիկի հետ կապվել չկարողացա, անհասանելի էր: Այդպես էլ օրեր շարունակ տղաների հեռախոսահամարներն անհասանելի մնացին»: Գառնիկը զոհվել է սեպտեմբերի 13-ին Իշխանասարում:

«Տղաները պայքարել են, աննկարագրելի ձևով են պայքարել, մեծ վնաս են հասցրել թշնամուն, բայց օգնությունը չի հասել: Բացի դա, անպաշտպան է մնացել նրանց թիկունքը: Ու երբ թշնամին հասկացել է, որ անզոր է տղաների դեմ, Յաշման է եկել նրանց դիրքեր: Քրեական գործ կա հարուցված, սակայն որևէ տեղաշարժ չկա: Դա պարզ ձևականություն է: Յոթ օր իրեն էինք փնտրում, մեզ ոչ ոք ոչինչ չէր ասում, բոլորը «քնած» էին, ես ասում էի եթե իմ երեխեն ողջ է, հնարավոր չէ, որ նա իր մասին իմաց չտա: Նշում էին երեխեքը քարանձավներում են, ասում էի եթե իմ տղան լույս տեսնի, դուրս կգա, անհնար է չկարողանա: Իր համար փակ դուռ գոյութուն չուներ, միշտ գտնում էր ելքը»: Տիկին Աղավնին շեշտում է Գառնիկն իր եղբայրների թև ու թիկունքն էր: «Միջնեկ եղբոր հետ այնքան կապված էին, կարծես զույգ լինեին: Զույգ եղբայրները երևի այնքան կապված չեն, որքան իրենք, մեկ տարվա տարիքային տարբերություն է իրենց միջև:

Գառնիկն ասում էր թող Գարիկն ինձ մոտ չգա ծառայելու, այստեղ դիրքերում ծառայելը բարդ է: Չգիտեմ ճակատագիր էր, թե ինչ, բայց Գարիկն էլ զորակոչվեց ծառայության Սյունիք, ուղղակի Սիսիան»: Ապրելու ուժի մասին: «Իմ ուժը Գառնիկն էր: Փորձում եմ ապրել, ամուր մնալ տղաներիս համար, բայց իմ ուժը, աշխարհը, էությունը, ամեն ինչն իրենով սկսվեց ու իրենով ավարտվեց: Իմ հետ շատ կապված էր: Գառնիկը լույս էր, լուսավոր էր, ամենան էր, այնքան կյանք ու լույս կար նրա մեջ: Վառվող կրակ էր: Առյուծի հետ կարող եմ համեմատել պայքարող էր, ուժեղ, հպարտ, ոչ մեկի առաջ չկոտրվող ու չխոնարհվող: Գառնիկս այնքան մեծ հարգանք էր վայելում: Երբ իրեն ճանապարհում էինք բանակ, այնքան մարդ էր եկել թե՛ քեֆի, թե՛ ճանապարհելու օրը: Թե՛ մեր, թե՛ կողքի գյուղերում իրեն շատ էին հարգում, բոլորն էին ասում չենք պատկերացնում, որ նման հարգանք կարելի է ունենալ այդ տարիքում:

Ընկերների համար էլ էր թև ու թիկունք, կարծես նրանց շրջապատի գլուխը լիներ, որը կտրվեց: Շատ լավ ընկերներ ունի, ամեն պահի մեր կողքին կանգնած են:Ընկերուհի ուներ, մտածում էր ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու մասին: Անգամ երեխաների անուններն էր որոշել: Կյանքով լի էր, ներկայով էր ապրում, ապագայի պլանները կապված էին սիրելիի հետ, իսկ մնացածն էլ ինչպես կստացվեր: Երբ պետք է բանակ գնար, այդ տարի սեպտեմբերի 19-ին իմ ծննդյան օրը, տան բակում հրավառություն կազմակերպեց, տորթով եկավ, ընկերները դրսում էին, բարձր տրամադրություն ուներ: Այդ օրը փաթաթվեց ինձ ու ասաց մա՛մ ջան, ի՞նչ իմանաս, թե ինչ է լինելու»։

Հ. Գ. — Գառնիկ Հարությունյանը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Արարատի մարզի հայրենի Նորաբաց գյուղի գերեզմանատանը»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս