1 Հունիսի, 2023

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով, Ադրբեջանի նախագահն իր վերջին «պահանջները» վաղուց էր ձևակերպել։ Խոսքն «ԱՀ պետական ինստիտուտները լուծարելու, պաշտոնյաների հրաժարականների» պահանջի մասին է։ Խնդիրն, ըստ Գալստյանի, այլ է։

«Մենք բազմիցս ենք ասել, որ ՀՀ օրվա իշխանություններն իրենց բոլոր ինստիտուցիոնալ կապերը խզել են Արցախի հետ։ Այսօր այդ կապերը գործում են միայն Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան անձնական հարաբերությունների հիման վրա, և ինստիտուցիոնալ հարաբերություններ չկան։ Երբ պատերազմից հետո խոսում էինք միջխորհրդարանական նիստ անցկացնելու անհրաժեշտության մասին, բայց Ալիևի պահանջներով ՀՀ-ից այլևս Արցախ պաշտոնյաներ չէին գալիս, այս ամենը վկայում էր, որ Ալիևը վերոնշյալ պահանջները դեռ վաղուց էր ձևակերպել։ Ալիևը հետզհետե Փաշինյանին բերեց մի դաշտ, որ վերջինս 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում իր հայտարարածի ճիշտ հակառակն ասի։ Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», դրանով պատերազմ հրահրեց։ Ալիևի արդեն այսօրվա պահանջն այն էր, որ Փաշինյանը հայտարարի, որ «Արցախն Ադրբեջան է»։ Եվ Փաշինյանը պաշտոնապես ճանաչեց «Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը»»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հենց այս հայտարարությունից հետո Ալիևը նման կերպ խոսելու հնարավորություն ստացավ։

«Երբ Փաշինյանը կատարել է Ալիևի պահանջն ու Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ապա տրամաբանական է, որ հետո Ալիևը պետք է հայտարարեր, թե «Արցախում գործող իշխանությունները, ԱԺ-ն ոչ լեգիտիմ են» և այլն։ Այստեղ, սակայն, մի կարևոր հանգամանք կա. երբ Ալիևը խոսում է Լեռնային Ղարաբաղի ինստիտուտների՝ Ազգային ժողովի, նախագահի կամ կառավարության մասին, նա անուղղակիորեն ճանաչում է այդ ինստիտուտները։ Թե՛ ՀՀ-ում, թե՛ ԱՀ-ում հայեցի մտածելակերպով իշխանություն ունենալու դեպքում միջազգային հանրությանը կարող ենք հստակ ձևակերպումներով ներկայացնել, որ, այո, Արցախը կայացած պետություն է՝ իր պետական բոլոր ինստիտուտներով։ Մինչդեռ, ցավոք, պարտված իշխանությունը նման բացթողումներից, Ալիևի սխալ հայտարարություններից չի կարողանում ճիշտ օգուտներ քաղել, քանի որ նրանց նպատակն այլ է»,-ասաց Գալստյանը՝ շեշտելով, որ նրանց նպատակն Արցախի անկախությունը, ինքնորոշման իրավունքն առաջ տանելը չէ։

«Նրանք մի ծրագրի մաս են, որն Արցախը Ադրբեջանին բռնակցելուն է տանում։ Ու, ցավոք, օրվա իշխանությունները մտել են այդ խաղի մեջ։ Կա չարաբաստիկ ծրագիր, որը կյանքի է կոչվում ու շարունակվում է առ այսօր։Այս պարտության շղթայի ավարտը պարտված իշխանությունների հեռացմամբ է լինելու։ Այլ տարբերակ չկա, քանի որ այս հանձնվողական, պարտվողական կեցվածքով իշխանությունները չեն մտածում հայ ազգի շահի մասին։ Անձնական շահը վեր դասելով պետական շահից, հայրենիքից՝ փորձում են որոշակիորեն երկարաձգել իրենց իշխանությունը, բայց ես համոզված եմ, որ ազգն ամեն ինչ հասկանում է, ու գալու է այն պահը, որ նրանք օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվություն են կրելու իրենց բոլոր ոչ հայանպաստ ծրագրերի համար»,-հավելեց նա։

Հիշեցնելով ԱՀ ԱԺ հայտարարության մասին՝ Գալստյանը շեշտեց. «Նիկոլ Փաշինյանն իրավասու չէ Արցախի ճակատագրով նման հարցերի շուրջ խոսել, քննարկումներ ծավալել, առավել ևս՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել։ Սա չի բխում հայ ազգի շահերից, այլ բխում է միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարաձգելու շահից»։ Դավիթ Գալստյանն անդրադարձավ նաև արտաքին ազդակներին։ Մասնավորապես՝ Քիշնևի հանդիպմանն ընդառաջ Եվրոպական խորհրդի նախագահի գրառմանը, որում նա Արցախի ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով. «Անընդունելի են թե՛ եվրոպական, թե՛ միջազգային որևէ կառույցի նմանատիպ հայտարարությունները։ Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբից, որևէ այլ կառույց, որևէ այլ մեկը մանդատ չունի Լեռնային Ղարաբաղի հարցում բանակցություններ վարելու։ Միջազգային միակ մանդատ ունեցող կառույցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, բոլոր միջազգային դերակատարները այդ կառույցի միջոցով պետք է փորձեն վերսկսել երկխոսությունն ու բանակցությունները։ Բայց քանի որ իրենց իսկ մանդատով օժտված ձևաչափին այսօր լուսանցքից այնկողմ են թողնում, վկայում է այն մասին, որ միակողմանի քաղաքականություն են վարում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս