1 Ապրիլի, 2023

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2016 թ. այս օրերին կրկին պատերազմի միջով անցանք: Ճիշտ է՝ այն իր մասշտաբներով չի կարող համեմատվել 44-օրյայի հետ. այն ժամանակ ամեն ինչ այլ էր: Տիկին Սիլվան՝ Տիգրանի մայրիկն ասում է՝ այն ժամանակ, «շատից-քչից» հաղթանակով դուրս եկանք: «Դրա համար էլ ժողովրդին այդ պատերազմն այդքան ցավ չտվեց, իհարկե, ծնողի համար վիշտը նույնն է՝ կապ չունի՝ հաղթել ես պատերազմում, թե պարտվել: Իսկ 44օրյա պատերազմը ցավ տվեց բոլորիս»: Տիգրանի ֆիզիկական բացակայությունից գրեթե յոթ տարի անց մայրիկի հետ զրույցում ինքս ինձ համար բացահայտում եմ՝ մոր համար որդին ավելի է ներկա, քան շատ-շատերը, ու այդպես միշտ է լինելու: «Տիգրանի մասին խոսելիս առաջինը նրա հումորն ու ժպիտն եմ հիշում, կյանքով լեցուն էր, ընկերասեր: Իմ երեխաներին միշտ ասել եմ՝ ինչ իրավիճակ էլ լինի, երբեք կյանքից չհիասթափվեք, սիրեք կյանքը: Տիգրանը սիրած աղջիկ ուներ, ընտանիք էին ուզում կազմել: Անդադար կարելի է պատմել Տիգրանի մասին», -«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սիլվան: Երեխա ժամանակ շատ ակտիվ տղան դասարանում «հումորի ծաղիկն էր»: «Բոլորին ծիծաղեցնում էր, իսկ ինքը՝ լուրջ նստում»:

Տիգրանը զբաղվել է քիքբոքսինգով, կարատեով, նաև երգով: «Մինչև չորրորդ դասարանը երգում էր, շատ լավ ձայն ուներ, բայց երգն ու սպորտը չդարձան մասնագիտություն: Ինձ մինչև հիմա էլ հարցնում են, թե ինչպես ընտրեց զինվորականի գործը: Մեր ընտանիքում զինվորականներ չեն եղել, այո, Հայրենական պատերազմի մասնակիցներ երկու կողմից էլ ունենք, բայց զինվորականներ՝ ոչ: Այն ժամանակ համալսարաններից գալիս էին մարզային դպրոցներ, ներկայացնում տարբեր մասնագիտություններ, իրենց դպրոց էլ էին եկել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանից, պատմել զինվորականի գործի մասին: Այդ օրը եկավ տուն՝ ուզում եմ զինվորական դառնալ, սիրտս կպել է: Փորձեցինք իրեն համոզել, որ այլ մասնագիտություն ընտրի, սակայն հստակ որոշում էր կայացրել»: Տիգրանը 2010-2014 թթ. սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: 2014 թ.-ին լեյտենանտի կոչումով ծառայության է մեկնում Արցախի Հանրապետություն:

«Տիգրանս ցանկանում էր «Եղնիկներում» ծառայել, անգամ դիմում էր գրել, բայց հետո վիճակահանության արդյունքում ծառայությունը սկսեց Մարտակերտում: Հեռավորությունը շատ էր Հոռոմից մինչև Արցախ, բայց ինչպես Տիգրանս սիրեց Արցախը, այնպես էլ ես: Սիրտը «տաքացել» էր Արցախի վրա, այն էլ ինչպես: Զինվորների ու հրամանատարների հետ հրաշալի հարաբերություններ ունեին: Տիգրանի դեպքից հետո գնացել էինք Մարտակերտ, զրուցում էինք հրամանատարների հետ, մեզ ասացին՝ Տիգրանն այն սպան էր, որն ամեն ինչի կհասներ: Միշտ զինվորի կողքին էր, նվիրված իր գործին: Ինքն էլ միշտ ասում էր՝ «սպան զինվորի ավագ ընկերն է ու միշտ նրա կողքին պետք է լինի»:

Ամեն անգամ, երբ արձակուրդից հետո վերադառնում էր Արցախ, իր զինվորներին քաղցրեղեն պիտի տաներ, ամեն ինչի մասին հոգ էր տանում, որ իր զինվորը քիչ դժվարություններ ունենա: Գրքեր էր տանում նրանց համար, երբ դիրքեր էին բարձրանում, վիկտորինաներ էր կազմակերպում: Անընդհատ ակտիվ էր պահում նրանց: Քառօրյա պատերազմից հետո, երբ գնացինք Տիգրանիս պահած դիրքերը, զինվորներին հանդիպեցինք, ասում էին՝ մեզ անընդհատ ոգեշնչում էր, ոգևորում:

Տիգրանս «հաղթահարել» է Քառօրյա պատերազմը, իր զինվորներից անգամ վիրավորներ չեն եղել, հետո ապրիլի 11-ին դիվերսիա է եղել, դրա դեմն էլ են փառքով առել: Բայց ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը ուժեղ հրետակոծություն է սկսվում, ասում էին՝ կրակ էր թափվում երկնքից: Տագնապ է հայտարարվել, Տիգրանս վազել է դեպի իր զինվորը, այդ պահին մի քիչ հանդարտ է եղել: Մոտեցել է դիտակետին, հերթական հարվածն է եկել, իր մարմնով ծածկել է զինվորին, իսկ տղաներին ասել՝ խրամատից դուրս չգաք»:

Երբ արդեն տղաները հասկանում են, որ Տիգրանը վիրավորվել է, նետվում են օգնության, տիկին Սիլվան հիշում է զինվորների պատմածը՝ «ինձ մի նայեք, դիրքին նայեք»: «Նույնիսկ այդ պահին իր պահած դիրքի մասին է մտածել, որ հանկարծ թշնամին ոտք չդնի իր դիրքը, ասում էր՝ ծիտն անգամ չպիտի անցնի մեր կողմը»: Ստացած վիրավորումից Տիգրանը զոհվում է՝ փրկելով իր զինվորի կյանքը, պաշտպանելով իր դիրքը: Տիգրանը հուղարկավորված է հայրենի գյուղում։ 2017 թ.-ին գյուղում խաչքար է տեղադրվել ի հիշատակ Տիգրանի և մյուս հերոսների, իսկ դպրոցի բակում բացվել է Ապրիլ յան պատերազմի հերոսների անվանական ծառուղի։ Ընտանիքը միայն իր որդու անունը չի ամրագրել սերունդների համար, այլ բոլոր տղաների, որոնք նահատակվեցին հանուն հայրենիքի: Տարիներ անց մայրիկը խոստովանում է՝ հիմա ցավն առավել ուժեղ է զգում»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

kotayk

Լրահոս