Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 14-ին դատարան էր ուղարկվել ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Ըստ մեղադրանքի՝ նա 2008 թվականի մարտի 1-ին, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանները, ՀՀ ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից Երևանի «Ազատության» հրապարակում անցկացվող խաղաղ հավաքի ցրումը՝ բռնության և հատուկ միջոցների կիրառմամբ։
Մեղադրանքի համաձայն՝ կազմակերպվել է նաև ցուցարարների բռնի հեռացումը հրապարակից, ինչպես նաև Երևանի կենտրոնական հատվածներում նրանց հետագա կուտակումների, հնարավոր ցույցերի և հավաքների կանխումը, ինչի հետևանքով, ըստ մեղադրանքի, էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սաշա Աֆյանը կրկին փորձել է դատարանի միջոցով վերացնել իր նկատմամբ կիրառված «բացակայելու արգելք» խափանման միջոցը, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։ Դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ գործի այս փուլում շարունակում են պահպանվել նախաքննության ընթացքում արձանագրված ռիսկերը, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված նպատակներին հնարավոր է հասնել հենց «բացակայելու արգելք» խափանման միջոցի կիրառմամբ։ Ըստ դատարանի՝ այդ միջոցը բավարար է մեղադրյալի հնարավոր փախուստը կանխելու համար, այդ թվում՝ անձը հաստատող փաստաթղթերի օգտագործմամբ Հայաստանի Հանրապետությունը լքելու ռիսկը բացառելու նպատակով։
Արդյունքում դատարանը որոշել է Սաշա Աֆյանի նկատմամբ ընտրված «բացակայելու արգելք» խափանման միջոցը թողնել անփոփոխ։