Factor TV-ի լրագրողը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ հարց տվեց՝ «Որքա՞ն է ձեր աշխատավարձը ՀԷՑ-ում»։ Սակայն հստակ թիվ չհնչեց։ Պետրոսյանը միայն ասաց, որ մամուլում շրջանառվող «5-6 միլիոն դրամ» աշխատավարձի մասին տեղեկությունները «չափազանցված են»։
Հետո հրապարակվեցին հայտարարագրերը, կատարվեցին հաշվարկները, ու պարզվեց՝ նրա ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 4.3 միլիոն դրամ։
Ասում են՝ կյանքում պետք է նպատակներ ունենալ։ Ռոմանոս Պետրոսյանը, ըստ երևույթին, այդ նպատակը վաղուց է գտել՝ պաշտոնից պաշտոն, աշխատավարձից աշխատավարձ, ու ամեն անգամ՝ ավելի բարձր։
Մի ժամանակ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարն էր՝ մոտ 1.7 միլիոն դրամ աշխատավարձով։ Հետո նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, ու աշխատավարձը գրեթե երկուսուկես անգամ բարձրացավ։
Ամենահետաքրքիրը նույնիսկ գումարը չէ։ Ամենահետաքրքիրը վերաբերմունքն է։ Թվում է՝ քաղաքացին իրավունք չունի միանգամից իմանալու, թե հանրային ուշադրության կենտրոնում գտնվող պաշտոնյան որքան է ստանում։ Թիվը պիտի փնտրես հայտարարագրերում, հաշվարկես օրացույցով, բաժանես ամիսների վրա, նոր հասկանաս իրական պատկերը։
Սրանք նույն մարդիկ են, որոնք տարիներ շարունակ խոսում էին թափանցիկությունից, հաշվետվողականությունից ու նոր քաղաքական մշակույթից։ Ասում էին՝ այլևս ոչինչ չի թաքցվելու, քաղաքացին ամեն ինչ իմանալու է։ Հիմա պարզվում է՝ նույնիսկ ամենապարզ հարցի պատասխանը պետք է փնտրել հայտարարագրերում։
Այսօր հազարավոր մարդիկ ամիսը 200-300 հազար դրամ աշխատավարձով են պահում իրենց ընտանիքը, վճարում վարկերը, կոմունալները, երեխաների ուսման ծախսերը։ Այդ նույն մարդիկ իրավունք ունեն հարցնելու, թե ինչու են իշխանության ներկայացուցիչների եկամուտներն այսպիսի տեմպերով աճում, և ինչու այդ մասին ուղիղ պատասխան ստանալն այդքան դժվար է։
Ի վերջո, պաշտոնը հանրությանը ծառայելու միջոց է, ոչ թե միլիոնների մրցավազք։ Իսկ երբ խոսքերն ու թվերը չեն համընկնում, մարդիկ հավատում են ոչ թե հարցազրույցներին, այլ հայտարարագրերին։
Եվ հենց դա է այս պատմության ամենակարևոր եզրակացությունը…։
Mnews.am