24 Հունվարի, 2023

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը, որ պաշտոնին հրաժեշտ տվեց Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելուց հետո, մինչեւ անցյալ տարվա վերջը Երեւանում էր։ Ճանապարհը փակվելուց հետո Հայրիյանը մնացել էր Երեւանում ու չէր կարողանում գնալ հայրենի Արցախ։ Բայց դեկտեմբերի 31-ին նրան մի հրաշքով հաջողվել է հասնել Ստեփանակերտ ու Ամանորը դիմավորել Արցախում դուստրերի հետ։

Մեզ հետ զրույցում նա չթաքցրեց, որ իրեն հաջողվել է հասնել Արցախ, բայց մեծ դժվարությամբ։ «Մի կերպ։ Մեքենան կանգնեցրել եմ, սարեր-ձորերով մի կերպ հասել եմ Ստեփանակերտ։ Ես դեկտեմբերի 31-ին դուրս եմ եկել եւ 15 ժամվա մեջ անցել եմ էդ հատվածը»,- ասաց նախկին նախարարը ավելացնելով, որ Ամանորն Արցախում է անցկացրել, իսկ իր տղան ու մայրը Երեւանում։

«Իմ աղջիկներն էստեղ են, ցավդ տանեմ, բացի դրանից իմ յուրաքանչյուր որոշում, միեւնույն է, Արցախի հետ է»,- ամեն գնով Արցախ վերադառնալու իր որոշումն այսպես բացատրեց Միքայել Հայրիյանը։ Նկատեցինք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նորից հույս է տվել, որ մոտ օրերս կբացվի ճանապարհը, իրենք այդպիսի հույս ունե՞ն։

«Ճանապարհը բացվելու հույս միշտ կա, ու համբերատար սպասում ենք, բայց թե ինչի ենք սպասում, մենք էլ չգիտենք, որովհետեւ մենք հազիվ հասցնում ենք մեր առօրյա հոգսերը քաշենք։ Ջեռուցումից սկսած սովորական ուտելիքով վերջացրած»,- ասաց Հայրիյանը։

Հարցին ռուս խաղաղապահներն ի՞նչ են ասում, ե՞րբ կբացվի ճանապարհը, ու արդյոք դրա դիմաց ինչ-որ նախապայմաններ պե՞տք է բավարարվեն մեր կողմից, մեր զրուցակիցն ասաց, որ իշխանություններն են շփվում նրանց հետ, եւ իրենք պետք է ասեն ինչ են նրանք ասում․ «Ճիշտ է, բժիշկները գնում են և այլն, բայց բոլորը կարծիք են ասում, իսկ որեւէ օֆիցիալ բան մեզ, բնական է, չեն ասում, և իրականում նույնիսկ չեմ ուզում էդ կարծիքներն արտահայտել, որովհետեւ դա զուտ մտքեր ա, սուբյեկտիվ մարդկանց կարծիքներ ա»։

Ինչ վերաբերում է, թե այս պահին Արցախում որն է առկա ամենամեծ խնդիրը ջեռուցումը, դեղորայքը, թե սննդամթերքը, Հայրիյանն ասաց բոլորը միասին, քանի որ բոլորն իրար հետ կապված են։

Իսկ ի՞նչ պարբերականությամբ է սնունդ մտնում Արցախ կամ մտնո՞ւմ է, առհասարակ, և ի՞նչ է մտել։ «Ասում են մտնում ա, ելնելով պետնախարարի ելույթներից հասկանում եմ, որ որոշակի բան, չգիտեմ ինչ տեղերով, մտնում ա։ Մինիմալը կա իրականում, բայց շատ դժվար ա։ Ոնց հասկանում եմ արդեն մեր պահուստային ուտելիքից են հանում, մարդկանց արդեն կտրոններ են բաժանել, էդ կտրոններից են օգտվում»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցրինք նաև կտրոններով ապրանքը բոլոր խանութներում նույն գնո՞վ է վաճառվում, Հայրիյանն ասաց, որ ինքը խանութ չի գնում, բայց համոզված է, որ նույն գինն է։

Ինչ վերաբերում է բուժհաստատություններին, ապա առողջապահության նախկին նախարարն ասաց մի կերպ դիմանում են, մինիմալիզմ է տիրում այս ոլորտում նույնպես, խիստ անհրաժեշտության դեպքում Կարմիր խաչի աջակցությամբ ծանր հիվանդներին ուղարկում են մինչեւ Գորիս, այնտեղից արդեն տեղափոխում են Երևան»:

Լրահոս