«Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ, Հայաստանում կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները 2022-ի հուլիսից ՀՀ տարածքում վճարային քարտերով վճարելու դեպքում ամեն ամիս ստանում են հետվճար նախորդ ամսում կատարած անկանխիկ գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 5 000 դրամ։
Կառավարությունը, որպես ծրագրի իրականացման արդյունք, ակնկալում էր, որ մինչեւ 2022-ի տարեվերջ ծրագրի փաստացի շահառու կդառնա եւ առնվազն 3 ամիս անընդմեջ կստանա նախատեսված հետվճարը բանկային քարտով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների 80%-ը, սակայն կառավարության նախանշված ծրագրերն իրականություն չեն դարձել, եւ այդ մասին վերլուծություն է արել «Սիվիլնեթ»-ի փաստերի ստուգման հարթակը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, #CivilNetCheck-ի հարցմանը ի պատասխան, հայտնել են, որ Հայաստանում կենսաթոշակառուների եւ նպաստառուների թիվը ներկայում շուրջ 585 հազար է, որոնցից 474 հազարը թոշակը (նպաստը) ստանում է անկանխիկ բանկային քարտով։ Անկանխիկ եղանակով կատարված վճարումներից «քեշբեք» ստացող թոշակառուների և նպաստառուների թիվը 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 67 հազար կամ քարտապան շահառուների 15%-ը (բոլոր թոշակ եւ նպաստ ստացողների 11%-ը)։
Սա կառավարության մինչև տարեվերջ «անկնկալած» թվից ավելի քան 5 անգամ պակաս է։ Միջին հաշվով թոշակառուներին ամսական վճարված հետվճարի չափը 2022-ի հուլիս-սեպտեմբերին կազմել է մոտ 2600-2900 դրամ, հոկտեմբեր-դեկտեմբերին 3100-3400 դրամ։ Ստացվում է ներկա իրավիճակը հեռու է կառավարության ծրագրով նախատեսված ցուցանիշից․ ծրագրից օգտվում է թոշակառուների միայն 11%-ը։ Փաստացի հետվճարի միջին չափը 3 400 դրամ է, իսկ բանկային քարտով կենսաթոշակ եւ նպաստ ստացող քաղաքացիները նախընտրում են կանխիկացնել թոշակը»:
Ամբողջությամբ հոդվածը «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: