9 Ապրիլի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սնուփ Դոգի ձախողված համերգային ծրագիրը, որն այդպես էլ չի կայանա, դարձել է պատուհաս ԿԳՄՍՆ-ի եւ Կառավարության գլխին։

Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) հայաստանյան մենահամերգը պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, սակայն այն հետաձգվեց։ Բազմաթիվ հայ երկրպագուներ սրտատրոփ սպասում էին այդ իրադարձությանը, անգամ շատերն էլ հասցրել էին գնել համերգի տոմսերը։

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել էր 2 մլրդ 318 մլն 596 հազար 800 դրամ գումարի պայմանագիր, ինչն էլ հավասար է 6 միլիոն դոլարի։ Այդ գումարը նույն տարվա օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել էր։

Վճարումից մոտ 1 տարի անց հայտնի դարձավ, որ ռեփերը այդպես էլ չի գա Հայաստան։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ պետությունը ոչ մի կերպ չի կարողանում վերադարձնել վատնված գումարները։ Ռեփերը, ասես գումարներով հանդերձ, անհետացել է։

Կառավարությունն աննպատակ ծախսել է 2 մլրդ դրամ, սակայն արցախահայերի կացության «40+10» աջակցության ծրագիրը կրճատում է անհիմն եւ չպատճառաբանված պատրվակներով։

Ստացվում է, որ Սնուփ Դոգը «գցել է» Կառավարությանն ու անհետացել, իսկ ՀՀ Կառավարությունն էլ փորձում է գումարները հավաքել՝ առանց դրանք ծախսելու»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

Լրահոս