15 Նոյեմբերի, 2022
Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության գործով կալանավորված Արկադի Բարսեղյանի փաստաբանը պատրաստվում է դատարանի որոշումը բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վլադիմիր Մինասյանը։«Համաձայն չենք դատարանի որոշման հետ։ Պատրաստվում ենք որոշումը բողոքարկել։ Եթե նրանք կալանավորված են, դա դեռ չի նշանակում, որ այլ ապացույցներ չեն բացահայտվելու»,- ասաց Վլադիմիր Մինասյանը։

Փաստաբանը նշեց, որ Արկադին նախաքննական մարմնին ներկայացրել է այդ օրվա իր ամբողջ շարժը. «Արկադին ավելացրել է ես չէի կարող այդ վայրում լինել։ Նախաքննական մարմնին էլ առաջարկել է ուսումնասիրել իր ամբողջ շարժը։ Սակայն նախաքննական մարմինը չի ուսումնասիրել»։

Մինասյանը պնդեց, որ գործով մյուս մեղադրյալ Վրույր Բարսեղյանն Արկադիի հետ որևէ առնչություն չունի. «Վրույրի հետ Արկադին ոչ մի կապ չունի։ Գյուղ է, կարող են իրար ճանաչել»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու և վերջինիս 12-ամյա դստեր և 8-ամյա որդու մարմինները: Մահացածներն են մայրը 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը 36-ամյա տղամարդ։ Տղամարդիկ, ըստ գյուղի բնակիչների, ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

 

Լրահոս