ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացվեց: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը:
Փաստաբանը այս որոշումը համաում է անհիմն և անօրինական և պնդում, որ այն բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարանում:
«Որեւէ նոր ապացույց, պարոն Մանուկյանի մեղքը հիմնավորող որևէ փաստական տվյալ քննիչի կողմից չի ներկայացվել, ընդամենը առավելապես ֆիքսված է Մանուկյանի շարժը, որ մի բնակավայրից տեղափոխվել է մեկ այլ բնակավայր, ինչը տարօրինակ չէ, և կարծում եմ այդպիսի հանգամանքներ կարող են հազարներով բերել: Ամբողջ քննարկումն ընթացել է այս հանգամանքների շուրջ, ավելացնելու որևէ բան չկա»,- ասաց նա:
Նշենք, որ Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Սուրեն Մանուկյանը կալանավորված է 2022թ․ օգոստոսի 14-ից։