Նոյեմբերի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Մուրացանի փողոցի թիվ 109 շենքի նկուղներից մեկում մի խումբ անձինք պահում են ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ: Տվյալներն իրացվեցին նույն օրը երեկոյան, Էրեբունու բաժնի հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ։ Նկուղային հարկում հայտնաբերվեց ու ձերբակալվեց 9 անձ, ինն էլ Երևանի բնակիչ տղամարդիկ։
Նոր Արեշում բնակվող 38-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց «Բերետա» ատրճանակ, 40 և 36 տարեկան տղամարդկանց խուզարկությամբ ծալովի դանակներ։ Տարածքային քննչական մարմնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տարածքը զննվեց։ Հայտնաբերվեցին «Մակարով» ատրճանակ լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով, «ՏՕԶ» տեսակի հրացանի փամփուշտ, շագանակագույն փոշենման զանգված 144 գրամից ավելի քաշով և այլն: Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։