17 Դեկտեմբերի, 2022

Հայաստանի զինված ուժերի հետախուզության նախկին պետ Արայիկ Հարությունյանը կալանավորվել է։

« Արմենպրես»

-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դատախազությունից ավելի վաղը հաղորդել էին, որ ՊՆ N զորամասի հրամանատարը, ունենալով մարտական հերթապահության վերաբերյալ ժամանակին որոշումներ ընդունելու, ենթականերին առաջադրանքներ տալու և դրանց կատարումը վերահսկելու, պետական սահմանի, շփման գծի խախտումները կանխելու, ինչպես նաև հակառակորդի հանկարծակի հարձակման հնարավորությունը բացառելու և կասեցնելու պարտավորություն, 2021 թվականի ապրիլի 15-ին, տեղեկանալով, որ իր կողմից դեռևս 2021 թվականի ապրիլի 5-ին արձակված հրամանի պահանջները չեն կատարվել, որևէ միջոց չի ձեռնարկել հրամանի պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Դրա հետևանքով ՀՀ զինված ուժերը զրկվել են Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու հնարավորությունից առաջացնելով ծանր հետևանք. 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ զորամասի հրամանատարի անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն,  անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։

Հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Արայիկ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով  (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը որն առաջացրել է ծանր հետևանքներ):

Լրահոս