ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավազակության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ի մամուլի ծառայությունից։
Նախնական տվյալներով նույն օրը ժամը 02:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը, կոտրելով Երևան քաղաքի Նոր Արեշ 22-րդ փողոցում գտնվող տներից մեկի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել այնտեղ, հարձակվել նշված տանը միայնակ ապրող 75-ամյա բնակչի վրա, հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, դանակի սպառնալիքով հափշտակել 1.000.000 ՀՀ դրամ և դիմել փախուստի:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են արնանման հետքեր, հարցաքննվել են մի շարք անձինք, ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ քննչական հանձնարարություն: Նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու, դեպքի հանգամաքնները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: