2 Նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 1-ին, ժամը 02.10-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնեցին, որ Կարմիր բլուրի փողոցում կրակոցներ են հնչել, տուժած կա։ Ահազանգ ստացվեց նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից՝ տղամարդու դի էր տեղափոխվել հիվանդանոց, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։

Շուտով հայտնի դարձավ, որ հիվանդանոցի ճանապարհին մահացածը Չարբախի բնակիչ, 41-ամյա Խաչատուր Սահակյանն է. նա ստացել էր կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։ Դեպքի վայր մեկնած Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի օպերատիվ խմբերը, փորձաքրեագետներն ու քննիչները Կարմիր բլուրի փողոցի թիվ 43 հասցեի բակում հայտնաբերեցին արնանման հետքեր, պարկուճներ և այլն։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ՔՈԳ և ԵՔՎ քրեական հետախույզների հետ, պարզեցին հետևյալը։

Նախնական տվյալներով՝ հիվանդանոցի ճանապարհին մահացած անձի, 42-ամյա մի տղամարդու և նրա 20 ու 22 տարեկան որդիների միջև վիճաբանություն էր եղել, որի ընթացքում էլ 20-ամյա երիտասարդը հրազենից կրակոցներ էր արձակել Խաչատուր Սահակյանի ուղղությամբ։

Տղամարդն ու որդիները տանը չէին։ Օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ Սյունիքի մարզ են գնացել։ Գորիսի ոստիկանների հետ համագործակցության արդյունքում նրանք Սիսիան-Գորիս ճանապարհին հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին Շենգավիթի բաժին, այնուհետև ներկայացվեցին տարածքային քննչական մարմնին՝ հարցաքննության։ 20-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նրանք ձերբակալվել են։

Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

kotayk

Լրահոս