10 Նոյեմբերի, 2018
 Գագիկ Ծառուկյանն արդեն որոշել է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ովքեր են առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով:

Այսպիսով. Factor.am-ին հայտնի դարձավ, որ թիվ 1 ընտրատարածքից՝ Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից առաջադրվելու է պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Թիվ 4 ընտրատարածքում՝ Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններում առաջադրվելու են Վահե Էնֆիաջյանն ու Միքայել Մելքումյանը: Թիվ 2 ընտրատարածքում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում առաջադրվելու է Տիգրան Ուրիխանյանը: Լոռու մարզում առաջադրվելու է պատգամավոր Վանիկ Ասատրյանը:

Factor.am-ն արդեն գրել է, որ Շիրակի մարզում էլ ԲՀԿ-ն ներկայացնելու են Վարդևան Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը: Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, որը թիվ 12 ընտրատարածքն է, առաջադրվելու են Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը: Զոհրաբյանն աշխատելու է Սյունիքում, իսկ Բագրատյանը՝ Վայոց ձորում:

Factor.am-ը տեղեկացավ, որ Նաիրա Զոհրաբյանն արդեն ճամպրուկներն է հավաքում, որպեսզի մեկնի Սյունիքի մարզ: Նա քարոզարշավի ընթացքում այնտեղ է բնակվելու: Արմավիրի մարզում էլ ԲՀԿ-ի հույսը Արայիկ Աղաբաբյանն է:

ԲՀԿ ցուցակում թարմ դեմքեր լինելու են Երևանի ավագանու անդամ Արման Աբովյանը, տրանսպորտի նախարար Արմեն Արզումյանը և Lurer.com-ի խմբագիր Արման Վարդանյանը:

Նրանց առաջադրվելու տարածքները դեռ պարզ չեն: Այս որոշումը Գագիկ Ծառուկյանը միայնակ է կայացրել և տեղեկացրել կուսակիցներին:

Ծառուկյանը փեսաների և ԲՀԿ-ի գործարարների հետ կապված այս պահի դրությամբ դեռ կայացած որոշում չունի: Առավել հավանական է, որ Ծառուկյանի փեսաները՝ Դավիթ Մանուկյանն ու նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը ռեյտինգային ընտտրակարգով առաջադրվեն Կոտայքի մարզում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը հայտնել էր, որ ռեյտինգային կարգով չի առաջադրվելու: ԲՀԿ-ական մեր զրուցակցի փոխանցմամբ՝ կուսակցությունը ընտրություններին կմասնակցի «Բարգավաճ Հայաստան» անունով, դաշինք չի կազմի:

 

 

kotayk

Լրահոս