27 Հունիսի, 2017

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է, որ ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը կամ Քեթրինի Միհրանը սկսել է տարածքային գրասենյակներ բացել այն համայնքներում, որտեղ առաջադրված էր ռեյտինգային թեկնածու՝ Քանաքեռ Զեյթուն, Նոր Նորք, Ավան: Պողոսյանն այդ ընտրատարածքում զբաղեցրեց երկրորդ տեղը, զիջելով միայն Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանին: Ի դեպ, թերթը նշում  է նաեւ, որ Պողոսյանն ունի քաղաքապետ լինելու հավակնություն եւ այդ իսկ պատճառով փորձում է ստեղծել աշխատանքային լուրջ ցանց, հանրային իր վարկը բարձրացնելու համար:

Միհրան Պողոսյանն առանձնահատուկ ֆիգուր է Հայաստանի իշխանական համակարգում, առաջին հերթին Սերժ Սարգսյանի ֆավորիտների շարքին դասվելու պատճառով: Միեւնույն ժամանակ Պողոսյանի անունը կապվեց օֆշորային պանամական աղմուկի հետ: ԴԱՀԿ նախկին պետին վերագրվում էր նաեւ բանանի մենաշնորհը, որը կոտրելու մասին էլ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ որպես իր առաջին քայլերից մեկը:

Քեթրին գրուպը, որն ըստ մամուլի ուներ այդ մենաշնորհն ու որը պատկանում է Միհրան Պողոսյանին, թեեւ նա հերքում է այդ պատկանելությունը, օրերս դարձել էր նաեւ ՊԵԿ զինված աշխատակիցների ուշադրության առարկա, ընկերությունից առգրավվել էին համակարգիչներ, տարբեր նյութեր:

Իսկ դա նշանային գործողություն էր, հաշվի առնելով այն, որ խոսքը երկար տարիներ Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող գործչի մասին է: Պողոսյանը դադարե՞լ է լինել այդպիսին, թե՞ Սերժ Սարգսյանն է կորցնում իր հովանու ներքո գտնվող ֆիգուրներին նախկինի պես պաշտպանելու հնարավորությունը կամ գուցե մոտիվացիան: Ի վերջո հետաքրքիր է, որ Քեթրին գրուպի դեմ ՊԵԿ զինված աշխատակիցների քայլը հաջորդել էր Կարեն Կարապետյանի հրաժարականի պատճառ չունենալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որով նա փաստորեն փորձեց փակել հրաժարականի՝ մամուլում աշխուժորեն շրջանառվող թեման:

Բացառված չէ, որ դա Միհրան Պողոսյանի այսպես ասած դեպի քաղաքապետարան տանող ճանապարհի գինն է: Այդ ճանապարհն անցնելու համար Պողոսյանի հանրային վարկը պետք է լիարժեք «մաքրվի», եւ Սերժ Սարգսյանը հնարավոր է նրան անցկացնում է այսպես ասած հրապարակային «քավարանով»: Նա «մաքրվեց» օֆշորային պատմությունից, այժմ «կմաքրվի» այսպես ասած որպես հարկատու կամ մենատեր, հետո գրասենյակների միջոցով կընկալվի իբրեւ բարեգործ՝ եւ քաղաքապետի պաշտոնը գրեթե պատրաստ է:

Հնարավոր է պատրաստ կարող էր լինել նույնիսկ 2017-ի համար, բայց դա կախված էր ապրիլի 2-ի ընտրությունից: Միհրան Պողոսյանը փաստորեն պարտվեց իր կուսակից Տարոն Մարգարյանի աներորդուն, ինչը վճռորոշ եղավ մի քանի օր անց քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանի առաջադրման համար: Իսկ Սերժ Սարգսյանն ու Միհրան Պողոսյանն ըստ երեւույթին արձանագրեցին, թե ինչն է պակասում Պողոսյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնին անվրեպ հավակնելու համար:

Առաջիկա տարիներին Պողոսյանը թերեւս կաշխատի պակասը լրացնելու ուղղությամբ, առավել եւս, որ Սերժ Սարգսյանը գործնականում բավական հմուտ քայլեր է արել Տարոն Մարգարյանին «ավելացնել» թույլ չտալու համար:

Միայն Զարուհի Փոստանջյանի Երեւանի Ավագանում հայտնվելը ահագին բան արժե այդ առումով: Մինչդեռ այդ բանը թույլ չտալու համար բավական էր ընդամենը առաջադրել մի որեւէ չորրորդ ուժի, եւ Տարոն Մարգարյանի «կյանքը դժոխքի չէր վերածվի»: Մինչդեռ, թեեւ Մարգարյանը Ավագանու առաջին նիստում փորձում էր սառնասրտորեն եւ անգամ դեմքի ժպիտով դիմադրել Փոստանջյանի գրոհները, այդուհանդերձ ակնհայտ էր, որ նա հազիվ թե կարողանա դիմանալ մի քանի նիստ: Մինչդե պետք է դիմանալ մի քանի տարի:Իսկ այդ ընթացքում Մարգարյանին կգրոհի ոչ միայն Փոստանջյանը, այլ նաեւ իշխանության մեջ բոլորը, ովքեր այս կամ այն կերպ Երեւանի քաղաքային իշխանության մասով ունեն այլ պատկերացում, եւ նրանց պատկերացումներում տեղ չունի Տարոն Մարգարյանը:

Իսկ այդ հարցում Միհրան Պողոսյանն իհարկե միակը չէ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը գործնականում Տարոն Մարգարյանին հռչակեց արդեն Երեւանի քաղաքապետի հաջորդ թեկնածու էլ, ելույթ ունենալով նրա ներկայիս պաշտոնամուտի արարողությանը: Այլ կերպ ասած, Սարգսյանը մատնանշեց թիրախը: Ընդ որում, այն չի խոցի թերեւս միայն Միհրան Պողոսյանը: Նա կպատրաստվի Տարոն Մարգարյանի ազատ տեղը զբաղեցնելուն, իսկ տեղն ազատելու հարցով կզբաղվեն այլք, եթե իհարկե Տարոն Մարգարյանը չհամարձակվի գնալ Սերժ Սարգսյանին հիասթափեցնելու:

Սարգսյանը նրա պաշտոնամուտին փաստորեն դրեց Մարգարյանի հաջորդ առաջադրման պայմանը՝ չհիասթափեցնել: Բայց իրականում Երեւանի քաղաքապետի պաշտոնին հաջորդ անգամ էլ իրապես հավակնելու համար, որպես իշխանության թեկնածու, Մարգարյանը չունի Սերժ Սարգսյանին հիասթափեցնելու այլընտրանք:

kotayk

Լրահոս