Թեեւ այս խոստումը տեւական ժամանակ է՝ հնչում է իշխանական ներկայացուցիչների կողմից, ովքեր պարբերաբար պետական միջոցներով գործուղվում են Սյունիք եւ սահմանամերձ գյուղեր, փաստը մնում է փաստ, որ այդ խոստումների արդյունքը դեռ զրո է։ Անգամ ֆեյքերի ՊՈԱԿ-ն էր այդ մասին տեսանյութ պատրաստել, որտեղ կրկին հայտարարվել է, թե Սյունիքում իրենց տները կորցրած բնակիչների համար տներ կկառուցվեն, սակայն մինչ օրս ոչ մի գործնական քայլ չկա, ամեն ինչ սահմանափակվում է հայտարարությունների մակարդակում։
Ժամանակ առ ժամանակ հանրության դժգոհությունը զսպելու համար հերթական պաշտոնյան է գործուղվում մարզ, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված խայտառակ փաստաթղթի հետեւանքները մեղմացնելու ժամանակավոր լուծումներ առաջարկի։ Այս անգամ Ավինյանի հերթն է՝ խոստումներ տալու։ Փոխվարչապետն իր ֆեյսբուքյան էջում նաեւ գրառում է կատարել՝ նշելով, որ բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն, ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչեւ բնակարանների կառուցումը։ Ավինյանի այցից պարզ է դառնում, որ բնակիչների հետ ամենակարճ ճանապարհը Փաշինյանի համար ոչ թե սահմանազատման հարցերն են, ոչ թե հօգուտ Սյունիքի՝ թշնամու հետ բանակցելն է ու թշնամուն հայկական գյուղերից քշելը, այլ ունեզրկված գյուղացուն փողով ժամանակավոր լռեցնելը։
Մենք զրուցեցինք Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի հետ, նա հաստատեց, որ Ավինյանը փորձել է հանդիպել համայնքապետերի հետ, սակայն ինքը չի հանդիպել։ Հարցրինք՝ ճի՞շտ է, որ համայնքապետերը բոյկոտել են հանդիպումը, Փարսյանը կրկին պատասխանեց․ «Մենք չենք հանդիպել»։
Աղբյուրը՝ hraparak.am