Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ 2017թ. հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում հարուցվել է քրեական գործ Գ. Հակոբյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեում և նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։
Նախնական տվյալներով 2016թ. մարտի 6-ից մինչև 2017թ. հունվարի 16-ը ներառյալ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի 137ա հասցեում վարձակալված տարածքն օգտագործվել է որպես ամենօրյա գիշերային ակումբ («Ամորե» գիշերային ակումբ) առանց պետական գրանցման և առանց ՊԵԿ հարկային տեսչության որևէ ստորաբաժանումում հաշվառվելու և զբաղվել հանրային սննդի կազմակերպմամբ, որտեղ առանց որևէ գրավոր աշխատանքային պայմանագրի ներգրավվել են մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ։ Նշված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
Բացի այդ, նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև Գ. Հակոբյանի կողմից ենթադրյալ իրավունքներն իրականացնելու վերաբերյալ նույն ակումբի աշխատակցին թույլ չտալով ակումբից տեղափոխել վերջինիս պատկանող 8.500.000 ՀՀ դրամ արժողության երաժշտական գործիքները:
2017թ. մարտի 13-ին Գ. Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով: