12 Հուլիսի, 2021
Այսօր Կառավարության արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է Արգիշտի Քյարամյանին Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին նշանակելու հարցը։

Սա 30-ամյա Քյարամյանի պաշտոնափոխությունների «շքերթ»-ի 10-րդ նվաճումն է ընդամենը վերջին 3 տարում։

Իսկ ամեն ինչ սկսվեց հեռավոր հեղափոխությունից հետո. Քյարամյանի մասնագիտական վերելքը սկսվել է 2018 թվականի հունիսի 8-ից. նա աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ:

2018 հուլիսի 10-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետ:
2019 փետրվարի 15-ից աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ: 2019թ. ապրիլի 10-ին Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի տեղակալ, իսկ ապրիլի 25-ից կատարել է ծառայության ղեկավարի պարտականությունները, ապա 2020 մայիսի 4 – մայիսի 5 1 օրով նշանակվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, մայիսի 5 – հունիսի 8 նշանակվել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն:

Մեկ օրով ՔԿ նշանակումը վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը անվանել է քաղաքական որոշում, որը կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակներում։ Բանն այն է, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու համար Քյարամյանը պետք է առնվազն 3 տարի զբաղեցներ ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունենար գնդապետից ոչ ցածր կոչում:

Ինչպես գիտենք, Արգիշտի Քյարամյանը մինչ այդ երբևէ պաշտոն չէր զբաղեցրել ԱԱԾ-ում, հետևապես չէր կարող նշանակվել ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում այդ հոդվածի համաձայն։

Սակայն նույն հոդվածի 6.1 մասի համաձայն պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև Զինված ուժերի, ոստիկանության, ԴԱՀԿ ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, Քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության և արդարադատության նախարարության պետական ծառայողներ, դատախազներ, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:

Օրենսդրական կարգավորումներից և ԱԱԾ փոխտնօրեն նշանակվելուց հետո 2020-ի հունիսի 8-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը, իսկ վարչապետի դեկտեմբերի 25–ի հրամանագրով Քյարամյանը վերադարձավ ՔԿ ստանձնելով կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։

Բայց այդքան էլ հարթ չանցավ ԱԱԾ-ից ՔԿ նրա տեղափոխությունը. բազմաթիվ վարկածներ էին պտտվում Քյարամյանի պաշտոնանկության պատճառների մասին: Հրապարակումներ եղան, որ Քյարամյանին աշխատանքից հեռացրել են սորոսական շրջանակների հետ կապ ունենալու համար: Մեկ այլ վարկածով Քյարամյանը սորոսական շրջանակների հետ կապ չունի, պարզապես Քյարամյանին ասել են, որ նրա հեռացումը կապ ունի դավաճանության դեպքի բացահայտման հետ:

Հարթ չէր անցնում նաև ՔԿ-ում պաշտոնավարումը։ Մեր լավատեղյակ աղբյուրից հայտնի դարձավ, որ ՔԿ նախագահի տեղակալն անձամբ էր համակարգում կարեւորագույն բաժինները, ինչպես օրինակ Երեւանի քննչական վարչությունը, ինչպես նաեւ անձամբ էր վերահսկում կարեւորագույն գործերով քննությունը։ Սա ամենեւին էլ դուր չէր գալիս ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանին, նրանց ջրերը վաղուց մի առվով չէին հոսում։ Այսօր արդեն Կառավարության նիստում քննարկվել եւ որոշվել է, որ Արգիշտի Քյարամյանը փոխարինելու է Հայկ Գրիգորյանին։

Այսպիսով ուժային կառույցներում դեգերելուց հետո իշխանությունները որոշեցին երիտասարդ Քյարամյանին վստահել ՔԿ նախագահի պաշտոնը։ Թե ինչքան նա կաշխատի այս պաշտոնին հայտնի չէ։ Համենայն դեպս, Քյարամյանին կարելի է նորանկախ Հայաստանի պատմության ռեկորդակիր համարել երիտասարդ տարիքում ընդամենը մի քանի տարում այդքան պաշտոններ փոխելով։

Աղբյուրը ArmDaily.am

Լրահոս