Արդեն ավելի քան ակնհայտ է, որ ՔՊ-ի բոլոր մեծ ծախսերը հոգում է օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը Գռզոն: Նա իջևանել է կուսակցության ցուցակի 5-րդ տեղում:
Բայց Գռզոյին միայն պատգամավորական մանդատը չէ, որ պետք է. նա արդեն պայմանավորվածություն ունի իշխանությունների հետ, որպեսզի հետագայում ձևական աճուրդներով բուհերի շենքերը վաճառելիս դրանք հենց իրեն բաժին հասնեն:
NEWSPRESS.am-ի տեղեկություններով Սուքիասյանի առաջին թիրախում ԵՊՀ «Սև շենքն» է, որ շուրջ խմորումներն արդեն իսկ տեսանելի են: Դրա գնորդն, ամենայն հավանականությամբ, կլինի «ՍԻԼ» գրուպը:
Շենքի օտարման առնչությամբ հայտարարություն է տարածել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
ԵՊՀ «Սև շենք»-ի օտարման հարցը համալսարանի հետ չի քննարկվել, և Երևանի պետական համալսարանը կտրականապես դեմ է նշված գույքի օտարմանը։
«Երեկ մամուլում տարածվեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի մի հարցման պատասխան, որով Կոմիտեն տեղեկացնում էր, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Աբովյան 52 հասցեում գտնվող գույքի (ավտոկայանատեղի, 197.27 մ2) օտարման վերաբերյալ ունեն առաջարկ, որը քննարկում են շահագրգիռ կողմերի հետ։
Հայտարարում ենք, որ որպես շահագրգիռ կողմի Երևանի պետական համալսարանի հետ ներկա առաջարկը չի քննարկվել, և Երևանի պետական համալսարանը կտրականապես դեմ է նշված գույքի օտարմանը։
Նշենք, որ Երևանի պետական համալսարանը նախկինում երկու անգամ արդեն մերժել է նշված գույքի օտարման վերաբերյալ առաջարկությունները»,- ասված էր հայտարարության մեջ։
Այս համատեքստում պատահական չէին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն առ այն, որ իշխանությունը նախատեսում է Երևանի բուհերի շենքերը հանել վաճառքի, ստացված գումարով էլ մայրաքաղաքից դուրս կառուցել ակադեմիական քաղաք:
Այսօր արդեն ականատեսն ենք լինում կատարվողին, երբ ավելի քան մեկ դար հայ ուսանողությանը կրթած բուհը վտանգված է և հավակնում է դառնալ, ասենք, հերթական հյուրանոցը: