mnews

22 Փետրվարի, 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՀԺ»-ն երեկ ահազանգ էր ստացել, որ Երևան քաղաքի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որպեսզի վերջիններս մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում: Բանն այն է, որ Սեդա Հակոբյանը կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինն է, իսկ Արման Սահակյանը պատգամավորության թեկնածու է և ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում:

Ահազանգի իսկությունը ստուգելու համար, որպես Արման Սահակյանի շտաբի աշխատակից ներկայանալով, դիմեցինք մանկապարտեզի աշխատակիցներին, սակայն նրանք խուսափեցին տնօրենի հանձնարարականի վերաբերյալ որևէ բան ասել:

Միակ տարբերակը մնաց անձամբ Սեդա Հակոբյանի հետ խոսել նույն եղանակով: Թիվ 38 մանկապարտեզի տնօրենի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև:

-Ալո, բարև ձեզ:

-Բարև ձեզ:

-Տիկին Հակոբյան դո՞ւք եք:

-Այո:

-Ներողություն, ինձ պարոն Սահակյանի շտաբից էին ասել գրանցումների հետ կապված: Հիմա մարդ կա, բայց Արաբկիրում ա գրանցվում, նորմա՞լ ա:

-Հա:

-Ոչ մի խնդիր չկա չէ՞, ինքը կկարողանա հանգիստ մասնակցի ընտրությանը, պրոբլեմ չի լինի չէ՞:

-Եթե Արաբկիրում ա, չէ:

-Իսկ ընդե մի հատ նուրբ բան կար, Ազատության պողոտայի ինչ-որ մի մասն Արաբկիր ա, մյուսը Քանաքեռը, մյուս մասը չի լինի չէ՞:

-Չէ, թող լինի, կասեք ում ընտրի, բայց Արաբկիր ա պետք:

-Հասկացա:

-Մենակ Արաբկիր հասցեն տաք մեզ: Ասեք, թե տվյալ հասցեում ով կա, որ մենք էլ տանք Արաբկիրում:

-Պարտադիր պետք ա ասվի, չէ՞, պարոն Սահակյանի մասով:

-Հա, ըհն, իհարկե:

Նշենք, որ նման ահազանգերն առաջին անգամ չեն այս ընտրություններում: Մամուլում եղան հրապարակումներ, որ «ՍԱՍ գրուպ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը նույնպես իր աշխատակիցներին հրահանգում է գրանցվել Արաբկիր վարչական շրջանում, որպեսզի ապրիլի 2-ին ընտրությանը քվեարկեն իր օգտին: Ի դեպ, Արման Սահակյանն ու Արտակ Սարգսյանը նույն ընտրատարածքում են նման մեթոդներով աշխատում:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ այսօր ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարեց, որ ոստիկանությունից ստացել է իր հարցման պատասխանը, որի համաձայն 2017 թվականի հունվարի 10-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում 7 հազար ընտրող իր հաշվառման հասցեն փոխել է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Լրահոս