Ադրբեջանական հսկողության ներքո գտնվող տարածքներից հայ զինծառայողների աճյունների որոնման, տարհանման, ինչպես նաև գերիների ու պատանդների վերադարձման գործընթացում, Արցախի Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած քայլի նույնիսկ հակառակորդի միջանձնային և էթնոազգային վատ հարաբերությունների ու վերաբերմունքի առկայության պարագայում։ Այս մասին «Ազատ Արցախ»-ի հետ զրույցում ասել է Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։
«Եթե անկեղծ լինեմ, որոնողական աշխատանքների առաջին օրերին հակառակորդի կողմից ակնհայտ նկատվել է թշնամական վերաբերմունք։ Դրանից հետո, երբ արդեն հաճախակի են դարձել հանդիպումները, այդ հարաբերություններում փոփոխություն է եղել, որը միայն օգուտ է տվել մեր աշխատանքին»։
Անդրադառնալով այս տարվա ապրիլից իր նախագահությամբ գործող Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքներին, Կարեն Սարգսյանը վստահեցրել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը օրակարգային գլխավոր խնդրի լուծման ուղղությամբ։
«Գերիների, անհետ կորած զինծառայողների, կամավորների և պահեստազորայինների որոնման ու վերադարձման խնդիրները մեր գործունեության գլխավոր օրակարգում են։
Այդ ուղղությամբ մենք գործադրում ենք բոլոր ջանքերը։ Սակայն, պետք է նշեմ, որ այս հարցն ունի լուսաբանված և չլուսաբանված կողմ։
Ընդ որում չլուսաբանված կողմում արվածն ավելի շատ է։ Սա յուրաքանչյուրիս համար հոգեբանական առումով թերևս ամենածանր թեման է։ Աշխատանքը նույնքան ծանր ու դժվար է»։
Մանրամասն սկզբնաղբյուր կայքում։