Այն, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ղեկավարումը ամենեւին միարժեք չի ընկալվում բանակի բարձրագույն հրամկազմի եւ սպայական շրջանակներում՝ անհերքելի է, ինչի պատճառն այն է, որ բանակը մեծ հաշվով պատերազմող բանակ է, իսկ Վիգեն Սարգսյանը՝ «չպատերազմած» նախարար, որը ըստ էության նոր մարդ է պաշտպանական համակարգում: Բայց շաբաթներ առաջ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը բարձրագույն սպայակազմի անունից հավատարմության երդում տվեց Վիգեն Սարգսյանին՝ դե ֆակտո, հարցազրույցի տեսքով:
Ուշագրավ է այն, որ հենց դրանից հետո մամուլում հայտնվեց «գեներալիտետի» հավաքների թեման եւ սկսվեց դրա ինտենսիվ գեներացիան տարբեր լրատվամիջոցներով, ընդ որում՝ Մովսես Հակոբյանի անվան շրջանառությամբ:
Ամենաուշագրավն այս համատեքստում այն է, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում, առավել եւս հանրային բավականին շոշափելի աղմուկ առաջացրած մի շարք նախաձեռնությունների պայմաններում, չի արժանացել Սերժ Սարգսյանի միարժեք, հատու աջակցությանը: Սերժ Սարգսյանը եղել է նրա կողքին, դրական արտահայտվել նախաձեռնությունների մասով, սակայն անձնապես չի ստանձնել պատասխանատվություն այն կոնցեպտուալ մոտեցումների համար, որ առաջ է քաշում Վիգեն Սարգսյանը: Սերժ Սարգսյանը դեռ իր վրա չի վերցրել «ազգ-բանակ»-ը, իսկ իրավիճակի հենքը հենց դա է:
Եվ այստեղ է նաեւ ամենաառանցքային հարցը ներիշխանական զարգացումների այդ համատեքստում՝ ինչու առ այսօր Սարգսյանն անձնական պատասխանատվություն չի ստանձնել ազգ-բանակ հայեցակարգի մասով: Օրինակ՝ բանակի արդիականացման յոթամյա ծրագրի մասով նա հայտարարել է անձնական պատասխանատվության մասին, իսկ ազգ-բանակի մասին նա չի արել քաղաքական այդպիսի հայտարարություն:
Ահա հենց այդ հայտարարության բացակայության պայմաններում էլ ուշագրավ են դառնում «գեներալիտետի», այսպես ասած, մտահոգությունները, երբ մի կողմից՝ մամուլով հրապարակվում է հավատարմություն Վիգեն Սարգսյանի հանդեպ, մյուս կողմից՝ դավադրություն Վիգեն Սարգսյանի դեմ: Այս երկսայրի մարտավարությունը կամ, այլ կերպ ասած, հակասությունների վրա խաղը մի մտածողություն ու կարծես թե ներիշխանական «մշակույթի» տարր է, որ կարծես թե արմատավորվում է Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակի արդյունքում:
Սարգսյանը տասնամյակը անցկացրեց հենց հակասություններ առաջացնելով ու դրանց վրա խաղալով: Դա ամենեւին չի նշանակում, որ պաշտպանական ոլորտի շուրջ ստեղծված իրավիճակը նրա առաջացրած հերթական հակասությունն է, բայց ակնհայտ է, որ այդ գործելաոճը մտել է ավելի լայն շրջանառության մեջ, եւ հնարավոր է պատկերացնել, թե ինչ ազդեցություն է այն ունենալու կառավարման նոր մոդելի պայմաններում, երբ դե ֆակտո իշխանությունը կենտրոնանա Մելիք-Ադամյանում:
Ընդ որում, այդ տեսանկյունից խիստ ուշագրավ էր Վիգեն Սարգսյանի տարեվերջյան հարցազրույցում նրա արտահայտած միտքն այն մասին, որ վտանգավոր է, երբ դե յուրե որոշում կայացնող կառույցը մեկն է, իսկ դե ֆակտո որոշումները կայացնում է բոլորովին այլ սուբյեկտ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում