15 Հոկտեմբերի, 2022

 «Փաստ» օրաթերթը գրում է.

«Գյուղատնտեսության ոլորտը մշտապես «Փաստի» ուշադրության կենտրոնում է: Փորձագետների հետ պարբերական զրույցների ընթացքում փորձում ենք պարզել՝ փոփոխություններ եղե՞լ են ոլորտում, տրվե՞լ են ընթացիկ խնդիրների լուծումները և այլն: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում այս անգամ առաջին հերթին առանձնացնում է սերմերի խնդիրը, նշում է՝ այս պահին ունենք սերմերի, հատկապես դրանց որակի խնդիր:

«Վերջերս չակերտավոր մի մասնագետ փորձում էր համոզել մեզ, որ Հայաստանն աշնանացանի առումով սերմնաբավ է: Իհարկե, դա այդպես չէ: Բացի դա, տգիտության աստիճանն այնքան է, որ այդ մարդիկ տեղյակ չեն, որ գյուղատնտեսության մեջ սերմնաթարմացման խնդիր կա, և անընդհատ սերմաթարմացում պետք է անենք: Պետք է պարբերաբար ներկրենք սուպեր էլիտա, էլիտա և այլ տեսակի սերմեր: Սերմերի վիճակն անմխիթար է:

Նորություն չենք ասի, որ պարարտանյութերի գները շարունակում են թանկ մնալ, գյուղացին որևէ հույս չունի, թե գնանկում կլինի, էժան գնով կկարողանա պարարտանյութ կամ դիզելային վառելիք գնել: Ի դեպ, բարձրացել են նաև վարի գները, քանի որ դիզվառելիքի գները բարձրացան և չնվազեցին, ինչպես միշտ: Կարծում եմ՝ այս ամենի ֆոնին կունենանք ցանքատարածությունների անկում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը:

Մեզ հետ զրույցներում փորձագետը պարբերաբար բարձրացրել է պարարտանյութերի որակի ու գնի, դիզվառելիքի թանկացման, սերմացուի որակի հարցերը: Հետաքրքրվում ենք՝ իսկ քննարկումներ կամ քննարկումներ անցկացնելու առաջարկներ եղե՞լ են համապատասխան գերատեսչությունների կողմից: «Եթե նույնիսկ քննարկումներ եղել են, ապա մեզ այդ քննարկումներին չեն հրավիրել»,-նշում է մեր զրուցակիցը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:  

 

kotayk

Լրահոս