Ավելին «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն որոշում է կայացվել ինչպես կրակոցի արդյունքում սպանված, այնպես էլ միջադեպի մյուս մասնակիցների բնակարանների մոտ ոստիկանական հսկողություն սահմանել հնարավոր վրեժխնդրության դեպքերից խուսափելու համար: Ասել է թե իրավապահները մտավախություն ունեն հնարավոր վենդետայի մասով եւ իրավիճակը կարգավորելու համար կոնկրետ քայլերի են գնացել:
Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 19-ին Ապարան քաղաքում կրակոցներ հնչեցին, ինչի հետեւանքով սպանվեց երկու անձ, որի համար մեկ քաղաքացի գտնվում է կալանքի տակ: Ըստ մամուլի հրապարակումների պատճառը եղել է ՀՀ վարչապետին հայհոյելը, մինչդեռ իրավապահ համակարգը պնդում է, թե պատճառը կենցաղային է:
Ավելին Armlur.am-ը գրել էր, որ մինչ ՀՀ ոստիկանությունը եւ ՀՀ քննչական կոմիտեն պնդում են, թե մեկ անձ է կրակոց արձակել, ինչի հետեւանքով կա երկու զոհ, մեզ հասած տեղեկությունների համաձայն 32-ամյա երիտասարդը միակ կրակողը չի եղել:
Վերոնշյալ օրը տարբեր զենքերից են կրակոցներ արձակվել, եւ այս պահին ձերբակալված 32-ամյա տղամարդը միակը չէ, որ կրակել է վիճաբանության մասնակիցների ուղղությամբ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն կրակող անձանցից մեկը ՔՊ աջակից է, որին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ամեն ինչ անում են քրեական գործից մաքրելու համար:
Տեղեկության մասով դիմեցինք նախաքննական մարմին, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է, եւ դեպքի մասին կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածել է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: