Մեծարգո՛ պարոն վարչապետ Փաշինյան,
Մեծարգո՛ պարոն վարչապետ Ղարիբաշվիլի,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բարեկամ Վրաստանի վարչապետ, Նորին Գերազանցություն Ղարիբաշվիլիին և Վրաստանի կառավարությանը` ջերմ ընդունելության համար:
Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 11-րդ նիստի անցկացումը ամենաբարձր մակարդակով խոսում է երկու երկրների առանձնահատուկ բարեկամական հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու փոխադարձ պատրաստակամության մասին:
2020թ. կորոնավիրուսի համավարակը բացասական ազդեցություն ունեցավ համաշխարհային տնտեսության վրա չշրջանցելով նաև Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական հարաբերությունները: Սակայն, մեր երկրների հակահամավարակային ռազմավարության ու իրականացված միջոցառումների շնորհիվ 2021թ. ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մենք արձանագրել ենք երկկողմ առևտրաշրջանառության ավելի քան 40% աճ: Այս դինամիկան, անշուշտ, լավատեսություն է ներշնչում փաստելով, որ որդեգրված ուղենիշերն արդարացված են և համահունչ ծառացած մարտահրավերներին:
Հայաստան-Վրաստան տնտեսական հարաբերությունների ընդլայնման և խորացման հարցում կա փոխադարձ ըմբռնում բացահայտել դեռևս չիրացված ներուժը և առավել արդյունավետորեն օգտագործել դրանից բխող հնարավորությունները: Հետևապես, միջկառավարական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում զգալի տեղ է վերապահված փոխադարձ ներդրումների խթանմանը, գործարար կապերի ամրապնդմանը, բիզնեսի համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը, միջգերատեսչական փոխգործակցությանը և տնտեսական համատեղ ծրագրերի մշակմանն ուղղված հարցերին:
Մենք մեծապես կարևորում ենք երկու երկրների տրանսպորտային կապերի և հաղորդակցության ուղիների զարգացումը, որտեղ հաջող արդյունքներ ունենք նկատի ունենալով 2021թ. մարտ ամսից Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր չվերթների վերականգնումը, հունիս ամսից ուղևորատար երկաթուղու վերագործարկումը, 2020թ. համեմատությամբ 2021թ. նույն ժամանակահատվածում ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացման ծավալների ավելացումը:
Կարևորում ենք նաև տարածաշրջանային համագործակցության ամրապնդումն ու զարգացումը: Այս հարցում կա երկուստեք շահագրգռվածություն ապահովելու տրանսպորտային և հաղորդակցության միջազգային ծրագրերում անհրաժեշտ ներգրավվածություն, ինչպիսի օրինակ է Հայաստանի և Վրաստանի մասնակցությունը Հյուսիս-հարավ, Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքների ծրագրերում:
Այսօրվա նիստի օրակարգային հարցերից է համագործակցությունը էներգետիկ բնագավառում հաշվի առնելով վերջինիս տնտեսական և անվտանգային բաղադրիչները: Հրամայական է դառնում նաև Հայաստանի և Վրաստանի գործակցության զարգացումը թվայնացման, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների և կիբեր անվտանգության ոլորտներում: Երկկողմ միջգերատեսչական համագործակցությունը և այսօրվա նիստի շրջանակներում անցկացվող քննարկումները, վստահ եմ, կհանգեցնեն երկուստեք ցանկալի արդյունքների:
Հարգելի՛ ներկաներ,
Կորոնավիրուսի համավարակը կրկին փաստեց, որ այն հաղթահարելի է միայն փոխադարձ աջակցության ու ջանքերի մեկտեղման միջոցով: Մենք առաջնորդվել ենք այդ գիտակցությամբ համագործակցելով միջազգային բոլոր գործընկերների, այդ թվում Վրաստանի հետ: Աշխատանքները սերտորեն շարունակելու մեր պատրաստակամության համատեքստում այսօրվա նիստի օրակարգում է առողջապահության ոլորտում երկկողմ համագործակցության առավել խորացումը, այդ թվում համավարակի հաղթահարմանն ուղղված համատեղ մեխանիզմների ու գործիքակազմերի մշակումն ու արդիականացումը:
Մեր երկրների տնտեսությունների հեռանկարային ուղղություններից են զբոսաշրջությունն ու գյուղատնտեսությունը: Այդ ասպարեզներում փոխգործակցությանը նոր զարկ տալու մղումով էլ մեր վրացի գործընկերների հետ քննարկվում են առկա ծրագրերի ընթացքն ու ապագային միտված նախաձեռնությունները: Միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ոչ պակաս կարևորություն են ներկայացնում նաև շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի և սոցիալական, սպորտի և երիտասարդության հարցերը:
Ներկայումս մրցունակ, զարգացող շուկայական տնտեսությունը պետք է հիմնված լինի գիտակրթական և մշակութային ներուժի վրա: Այս տեսանկյունից անհրաժեշտ եմ համարում նշյալ ոլորտներում լավագույն փորձի փոխանակումը, ինստիտուցիոնալ փոխգործակցության խթանումը և մասնագիտական կանոնավոր շփումների շարունակականությունը:
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր բնագավառներն ընդգրկող մի քանի տասնյակ միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ, որոնք երկկողմ հարաբերությունների զարգացմանը զուգահեռ պարբերաբար ընդլայնվում և նորացվում են:
Հավատացած եմ, որ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ձեռք բերվող պայմանավորվածությունները կհարստացնեն հայ-վրացական բազմոլորտ գործակցության օրակարգը նոր բովանդակությամբ և տեսլականով: Մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք հանձնաժողովի բոլոր մասնակիցներին: