Վարչապետի կոչը հետևեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած վճռին, որով վերջինս որոշում կայացրեց փոխել խափանման միջոցը և ազատ արձակել սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին։
Որոշման դեմ պայքարողները վարչապետի հայտարարած ակցիայի շրջանակում ոչ միայն թույլ չէին տալիս դատավորներին մուտք գործել և դուրս գալ դատարանների շենքից, այլև դատավորների անձնական տվյալները տարածել։
ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ դատարանների դիմաց հավաքվածները թղթային տարբերակով տարածել են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի բնակության հասցեն ու անձնական հեռախոսահամարը, ինչի պատճառով դատավորը մտահոգված է իր ընտանիքի անվտանգության ու հնարավոր սպառնալիքի հետևանքներից։
Բացի այդ, դատավորի բնակության հասցեն ակտիվորեն տարածում էին նաև համացանցում։ Մասնավորապես, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազների ճեպազրույցի ժամանակ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ուղիղ եթերում հրապարակել էր Դավիթ Գրիգորյանի հասցեն։