Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը հպարտանում է իր կնոջ ակտիվ ՀՀԿ-ական գործունեությամբ։ Նա ֆեյսբուքյան էջում հրապարակել է կնոջ Նադեժդա Բաղրամյանի ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից ստացած պատվոգիրը «կուսակցական, հասարակական, քաղաքական ակտիվ գործունեության համար»։ Ավելին դատավորը գրել է, որ սա «պարտավորեցնող պատվոգիր է»։
Ի դեպ, նա 2012թ․ ճանաչվել է լավագույն դատավոր։ Ճիշտ է օրենքն արգելում է դատավորներին որեւէ կուսակցության անդամ լինել, եւ նրանց հարազատների մասով որեւէ արգելք չկա, սակայն էթիկա եւ քաղաքական զսպվածություն ցուցաբերելու տեսանկյունից սա խոսուն ժեստ է դատավորի համակրանքը, քաղաքական կողմնորոշումը, կախյալությունն ապացուցող փաստ։
Պարզ է, որ եթե ՀՀԿ-ի պատվոգիրը «պարտավորեցնող է», ՀՀԿ-ականների խնդրանքներն առավել եւս պարտավորեցնող կլինեն եւ կանդրադառնան նրա կայացրած վճիռների վրա։ Հավելենք, որ «Դատավորի վարքագծի կանոնների» 24 կանոնի համաձայն դատավորը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն։
Նյութի աղբյուրը ` hraparak.am