18 Ապրիլի, 2022
Երբ Ադրբեջանի կողմից առաջարկվեց Հայաստանին «խաղաղության» պայմանագրի հինգ կետանոց առաջարկը, շատերը կանխատեսում էին, որ հայկական կողմը այս կամ այն պատրվակով դա պիտի մերժեր: Քանզի դա էր նաև ենթադրում դիվանագիտական գործընթացի խաղի կանոնը: Հայկական կողմի առաջարկը մերժեց Ադրբեջանը, վերջինիս առաջարկը պիտի մերժեր Հայաստանը, որպեսզի, այսպես կոչված «երրորդ» կողմը կարողանար առաջարկեր «փոխզիջումային» տարբերակ, որն էլ կարող էր որպես հիմք ըմդունվել թե Երևանի, և թե Բաքվի կողմից:

Սակայն շատերի համար զարմանք առաջացրեց, երբ Նիկոլ Փաշինյանը միանգամից հայտարարեց, որ «…համաձայն է Ադրբեջանի հինգ կետանոց առաջարկներին…»: Ճիշտ է, հետո հայտարարվեց, թե դրանք պիտի «լրացվեն» այլ պայմաններով, սակայն բոլորի համար էլ պարզ էր, որ դա հայկական կողմից ձևական բնույթի հայտարարություն էր: Քանզի եթե Երևանը ինչ-որ արժեքավոր լրացում ունենար, ապա պիտի հստակ նշեր թե ինչի մասին է խոսքը:

Մինչդեռ, երբ լղոզված և անորոշ ձևակերպումներ են կատարվում, դա նշանակում է, որ պաշտոնական Երևանը համաձայն է Բաքվի առաջարկին, պարզապես ուզում է ձևական լրացումներով հանդես գալ, որպեսզի «կապիտուլյացիայի» չնմանվի իր պահվածքը:

Բայց դիվանագիտական հարթակներում Փաշինյանի պահվածքը հենց այդպես էլ ընկալվեց: Ընդորում այդպես ընկալվեց թե Մոսկվայում, թե Բրյուսելում, և թե Վաշինգտոնում:

Իսկ դա նշանակում է, որ այդ կենտրոնները էապես վերանայելու են իրենց մոտեցումները, թե ղարաբաղյան խնդրի հարցում, թե Հայաստանի հետ հարաբերություններում:

Նույնիսկ մակերեսի վրա տեսանելի է Փաշինյանի ոչ կոմպետենտ պահվածքը, ով ցույց է տալիս համաշխարհային հանրությանը, որ պատրաստ է արմատական զիջումների գնալ ղարաբաղյան խնդրի մասով:

Սակայն քաղաքականության մեջ գործում է շախմատի ոսկե կանոնը, եթե ձեռք ես տվել, քայլ ես կատարել, ապա հետ դարձ չի լինելու: Նույնը քաղաքականության մեջ, եթե հայտարարում ես, որ պիտի զիջես Ղարաբաղի հարցում, որպեսզի պատերազ չլինի, ապա վաղը պիտի զիջես նաև Սյունիքի հարցում, հետո մյուս հայկական տարածքների հարցում, որպեսզի պատերազմ չլինի: Այդ ժամանակ միջազգային հանրությունն այլևս Հայաստանին չի դիտարկելու որպես գործընկեր, առավելևս դաշնակից: Դրանից հետո Հայաստանը դառնալու է միջազգային հանրության համար «հումանիտար տարածք», որտեղ կարելի կլինի խոսել բացառապես այդ տարածքում ապրող բնակիչների իրավունքների մասին:

Հասկանու՞մ է արդյոք Փաշինյանը, թե ինչ արհավիրքի մեջ կարող է հայտնվել երկիրը իր քայլերի արդյունքում:

Կարծում ենք, որ՝ ոչ, նրա տեսակի մարդիկ ունակ չեն ընկալելու այդպիսի խնդիրները: Միաժամանակ, նա շտապում է իրականացնել իր մտադրությունները, քանզի ամենայն հավանականությամբ, դա է Թուրքիայի կողմից հիմնական նախապայմանը Երևանի հետ բանակցային գործընթացում: Եթե այդ ծրագիրը ձախողվի, ապա Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը և Փաշինյանի «խաղաղ» դարաշրջանը կհայտնվի օդում կախված: Իսկ այդ «դարաշրջանի» բացման հարցը դարձել է Փաշինյանի միակ «այցեքարտը», որով նա փորձում է հիմնավորել հանրությանը իր պետկականության մասին:

Սա է իրականությունը:

Zham.am

 

 

 

 

 

 

kotayk

Լրահոս