9 Փետրվարի, 2022

Սիսակ Գաբրիելյանն այսօր դեմագոգիկ եւ ոչ պետական մտածողություն դրսեւորեց, երբ ինձ եւ առհասարակ ընդդիմությանը մեղադրեց օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու եւ առաջարկներ անելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Դա մեր օրենսդրական իրավունքն է, մենք ենք որոշում որ օրենքի առնչությամբ ինչ առաջարկություն անենք ու ինչպես քվեարկենք դրա օգտին։ Այդ ուսապարկերը,  որոնք 3 տարուց ավելի նստած են խորհրդարանում եւ ծպտուն չեն հանել, նրանց աշխատավարձը արդարացվա՞ծ է, իսկ մենք, երբ  որեւէ օրինագծի առնչությամբ առաջարկություն ենք արել, ու մեր հիմնական մտահոգությունը չի փարատվել եւ  հայտարարել ենք, որ դեմ ենք քվեարկելու, սա նշանակում է պետական միջոցների վատնո՞ւմ։ Եվ այդ մտքի հեղինակը իրավաբանական կրթություն ունեցող մեկն է։ Միգուցե ինքը երեսպաշտության հատուկ կուրսեր է անցել, որ մոլորեցնի, մեղադրի մի մարդու, որի նախաձեռնությամբ այդ օրինագծի առնչությամբ լսումներ են կազմակերպվել։ Ես շահագրգիռ եմ, որ մենք հանրակրթության համակարգում նորմալ օրենսդրություն ունենանք, բայց ես դեմ եմ դպրոցները ցնցումների տանելուն։ Իսկ այդ օրինագծով  հանրակրթության կառավարման երկգլխանի մոդել են առաջարկում, մեխանիկորեն կառավարման մի մոդել է մտնում հանրակրթության մեջ, որը փորձարկում չի անցել։ Իմ մտահոգությունը սրան է վերաբերել։ Սա իրենց բնորոշ պիտակավորում, ատելության խոսք է ուղղված մեզ»,– ասաց Լիլիթ Գալստյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Կառավարության ներկայացրած օրինագիծը խոտան էր, որն ուզում էին 24 ժամում այսպես ասած՝ սղացնել, մինչդեռ ինքը կասեցրել է այդ գործընթացն ու հանրային լսումներ նախաձեռնել։

Նշենք, որ խոսքն այսօր ԱԺ–ում երկրորդ ընթերցմամբ քննարկված «Հանրակրթութան մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարլելու մասին» օրինագծի մասին է, որը ներկայացրել է Կառավարությունը։

Քննարկման ժամանակ Լիլիթ Գալստյանի ելույթին ի պատասխան Սիսակ Գաբրիելյանը հայտարարել էր, թե Լիլիթ Գալստյանն անիմաստ վատնում է պետական փողերը ու նաեւ նշել, որ Գալստյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից մեկը կիսատ է թողել ու լքել քննարկումը։

«Մեկ տասնյակից ավելի առաջարկներ եք ներկայացրել, բայց եկել, ասում եք, որ դեմ եք օրինագծին, էս ի՞նչ եք անում, անհասկանալի է։ Եթե մտածում էիք, որ այդ օրինագիծն ավտորիտար է, դրա վերաբերյալ առաջարկ անեիք,  քննարկում ծավալվեր,  եւ ոչ թե օրինակ, նիստի ժամանակ հայտարարեիք, որ սա փնթիություն է ու նիստի կեսից վերկենայիք գնայիք։ Եթե դեմ եք ինչո՞ւ էիք թուղթ ու գրիչ փչացնում, հոսանք փչացնում, աշխատավարձ ստանում, մի արեք էդ դեպքում առաջարկներ, միանգամից ասեիք, որ դեմ եք»,– ասել էր Սիսակ Գաբրիելյանը։

Մանրամասները՝ կայքում

kotayk

Լրահոս