31 Մարտի, 2022

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում նշել է, որ Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման հետևանքով:

«Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ, և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը: Հայկական մի քանի դիրքեր հետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի:

Մենք ցավով ենք արձանագրում սա և այն, որ չնայած Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է»,- ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ ակնկալվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբի կողմից կոնկրետ քայլերի ձեռնարկում՝ ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար:

 

kotayk

Լրահոս