7 Սեպտեմբերի, 2023
«Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կարող է տարեկան 5-8 մլն տոննայով ավելացնել բեռնափոխադրումները Միջին միջանցքով։ Ինչպես տեղեկացրել է «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱԶԵՐԹԱՋ գործակալության եւ «Մադյար Դեմոկրատա» հունգարական պարբերականի հարցազրույցում, Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում։

«Զանգեզուրի միջանցքը» Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային երթուղու տարրերից մեկն է։ Փորձագետները գնահատել են, որ Զանգեզուրի միջանցքը կարող է Միջին միջանցքին ավելացնել լրացուցիչ 5-8 մլն տոննա բեռնափոխադրումներ (տարեկան- ԻՖ)։ Սա մեծ օգուտ է ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի, այլեւ այլ երկրների համար»,- ասել է Բայրամովը։ Նախարարը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, այսինքն՝ անխոչընդոտ հաղորդակցությունն Ադրբեջանի հիմնական մասի եւ  Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, Ադրբեջանի, ՌԴ եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մասն է (հայտարարության տեքստում «միջանցք» բառն օգտագործված չէ այս երթուղու վերաբերյալ- խմբ.)։ «Հաղորդակցությունների բացումը շատ կարեւոր է, քանի որ տրանսպորտային կապերը, առեւտուրը եւ այլն ոչ թե պարզապես օգուտ եւ շահույթ կբերեն կողմերին, այլ խաղաղության գործընթացը տարածաշրջանում կդարձնեն անշրջելի, քանի որ ամուր կկապեն երկրներն իրար հետ։ Միեւնույն ժամանակ, աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ նրա սահմաններից դուրս, թելադրում են մեզ նոր տրանսպորտային երթուղիների բացման անհրաժեշտությունը, որոնք կկապեն Արեւելքն ու Արեւմուտքը, մանավանդ եթե ուշադրության առնենք պատերազմն Ուկրաինայում»,- ընդգծել է նա։ Բայրամովի խոսքով՝ երթուղիների պահանջարկը մեծ է ինչպես Եվրամիության, այնպես էլ «Կենտրոնական Ասիայի եւ այնուհետեւ Արեւելքի պետությունների» կողմից։

«Այս իմաստով  Միջին միջանցքի նշանակությունը, որը կանցնի Ադրբեջանի տարածքով, մեծ է։ Միայն անցած տարի բեռների հոսքը մեր երկրով ավելացել է 70 տոկոսով։ Պահանջարկը մեծ է»,- նշել է նա։ Բայրամովը հիշեցրել է, որ 2020թ. նոյեմբերի եւ 2021թ. հունվարի եռակողմ հայտարարությունների հիման վրա ստեղծվել է աշխատանքային խումբ Ադրբեջանի, ՌԴ եւ Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով։ Աշխատանքն այս ուղղությամբ շարունակվում է «մոտ երեք տարի»։ Միեւնույն ժամանակ, նախարարը նշել է, որ «Հայաստանը զբաղեցրել է ոչ կառուցողական դիրքորոշում «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում։ «Մի ինչ-որ պահի զգացողություն է առաջանում, որ մենք մոտ ենք աշատանքն ավարտելուն, եւ հանկարծ վերջին պահին Հայաստանն անսպասելիորեն մի ինչ-որ նոր բան է առաջադրում, ինչը նորից գործընթացը փակուղի է մտցնում։ Սա կառուցողական չէ, ի հավելումն՝ դա նաեւ եռակողմ հայտարարության համապատասխան կետի խախտում է, որով Հայաստանը պարտավորվել է երաշխավորել բեռների, քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների անխոչընդոտ տեղաշարժը։ Սա հայկական կողմից ոչ միայն կառուցողական չէ, այլեւ վնասում է իրեն։ Նա իրեն զրկում է օգուտից, չնայած բոլոր երկրներից հենց նա ունի իր տնտեսական դրությունը շտկելու եւ մեկուսացումից դուրս գալու  անհրաժեշտություն»,- նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։ Նա ընդգծել է, որ «Երեւանի նման մոտեցումը կարող է հանգեցնել այն բանին, որ այդ երկիրը բաց կթողնի եւս մեկ շահավետ հնարավորություն՝ շտելու սեփական տնտեսությունը, քանի որ «ճանապարհը կարող է պարզապես շրջանցել Հայաստանը»։ «Իսկ Ադրբեջանը կշարունակի աշխատանքն այս ուղղությամբ՝ նկատի ունենալով «բ» պլանը։ Եվ մեզ համար նախագիծը կիրականացվի անգամ առանց Հայաստանի մասնակցության, բայց այդ դեպքում նա (Հայաստանը- ԻՖ) պարզապես դուրս կմնա շահառուների թվից»,- ամփոփել է նախարարը։

Ինչպես նշել է աղբյուրը, Ադրբեջանը նախատեսում է 2024թ. ավարտել բոլոր աշխատանքներն իր տարածքում՝ «Զանգեզուրի միջանցքի» գործարկման համար։ Հիշեցնենք, որ Հայաստանը դեմ չէ տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը՝ պնդելով այն պետությունների իրավասությունը, որոնց տարածքով անցնելու են հաղորդակցությունները։

 

 

kotayk

Լրահոս