«Այսօր մեզ անխնա քննադատում, իսկ ավելի շատ՝ զրպարտում և մեզնից գործողություններ են պահանջում նաև նրանք, ովքեր մեծագույն հաճույքով մասնակցում էին մեր դեմ «դագաղների» ու «սև ժապավենների» խրախճանքին, պահանջում մեր հեռացումը, ցուցադրաբար ողջունում, ոմանք էլ թաքուն հրճվում մեր դեմ պետական ռեպրեսիվ մեքենայի կողմից իրականացվող ապօրինություններով: Նորից ու նորից միտումնավոր հրապարակ են նետում «դուք բերեցիք Նիկոլին» թեզը՝ մաքրելու համար իրենց ոչ հեռու անցյալը: Անցյալ, որը ոմանց համար միգուցե ազնիվ մոլորություն էր՝ իշխանության փոփոխությամբ իրենց կյանքում հրաշքների իրականացման ակնկալիքով, բայց ոմանց համար կանխամտածված գործողություն էր՝ սուտ խոստումներով իշխանությունը զավթելու նպատակի հետապնդմամբ:
Մեզ մեղադրողներին միայն կասեմ հետևյալը՝ սեփական սխալն ընդունելը, առավել ևս՝ ուղղելը, անշուշտ, մեծ համարձակություն է պահանջում. շատ լավ հասկանում եք, որ յոթ տարի առաջ հրաժարականի պարտադրանքին ոգևորությամբ մասնակցելը կամ տոտալ անտարբերությունը ձեզ հանցակից է դարձնում այն ամենին, ինչ տեղի ունեցավ դրանից հետո:
Ընդունել սեփական հանցակցությունը, ունենալ այդքան ազնվություն խոստովանելու, որ ամեն մեկիդ մասնակցությունը հրապարակում թույլ է տվել իշխանազավթին օգտագործել ձեզ իր հեռահար նպատակի համար, չափազանց դժվար է, ինչ խոսք, իսկ, այ, ուրիշին մեղադրելը ամենահեշտն է: Ուրեմն ինչո՞ւ չգնալ հեշտ ճանապարհով:
Մեր կուսակցության վերջին համագումարին այս թեմայով անգամ ձևակերպում տվեցի, որ ես ձեզ չեմ ստիպել գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի՝ էշի ճակատը: Դա, կարծես, թևավոր խոսք դարձավ սրանց մասին: Հիմա ուզում եմ, վերջին զարգացումները հաշվի առնելով, շարունակել միտքս. «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»: Յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է:
Ցավոք, այս ճանապարհն են ընտրել նաև նրանք, ովքեր իշխանության հասնելու իրենց քայլերում հաջողության չունեցան, այդ թվում՝ պայքարի մեր երբեմնի գործընկերները, և պարզվում է՝ նրանց անհաջողության մեջ էլ մենք ենք մեղավոր: Ինձ համար պարզ է, թե ինչու են նրանք այդպես վարվում կամ այդքան փութաջանորեն քողարկում 2018-ին իշխանազավթներին աջակցելու սեփական քայլերը, իսկ միգուցե, գալիք ընտրություններից առաջ, պարզապես փորձում են ընդդիմադիր ձայներ փախցնել:
Երբ Հայաստանի պետականակործան կառավարիչների դեմ պայքարում մենք՝ մեզ մերժողների հետ կողք կողքի կանգնում էինք հրապարակում, ենթարկվում բռնաճնշումների, փողոցում պայքարում բիրտ ուժի դեմ, ունեինք այն բարձր գիտակցումը, որ այս իրավիճակում հիշաչարությունը, քինախնդրությունը չպետք է ավելի կարևոր լինեն, քան «խորտակման վտանգի ենթակա մեր ընդհանուր նավը» միասին անփորձանք ափ հասցնելը: Եվ այս գիտակցումը երբեք չի լքել մեզ: Մինչդեռ նշածս շրջանակներից ոմանք նույնիսկ այսքանից հետո շարունակում են «Սերժ մերժել», քար նետել Հանրապետականի վրա։ Համաձայնեք, որ ստեղծված իրավիճակում դա այլևս ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ հոգեբանական ախտ, ինչպես Արմեն Աշոտյանը կասեր` պաթոլոգիա։
Ոմանք հիմա էլ 2018-ի իշխանազավթման մասին մի քանի տարի առաջ ասածս են քննարկում, թե՝ ես չեմ պարտվել սրանց, այլ պարտվել եմ շատ ավելի մեծ ուժերի։ Ուզում են հասկանալ և իբրև թե ոչ մի կերպ չեն հասկանում՝ այդ ի՞նչ ուժերի եմ պարտվել: Ցավով պետք է նշեմ, որ այն ամենից հետո ինչ բոլորիս աչքի առաջ կատարվում է մեր երկրում և այն արհավիրքը, որը տեղի ունեցավ Արցախի հետ, այդպես էլ չբացեց նրանց աչքերն ու միտքը, որպեսզի վերջապես գիտակցեն, որ այդ պայքարում պարտվեցինք ոչ միայն ես և մեր քաղաքական թիմը, այլ վերջնարդյունքում պարտվեցինք ազգովի:
Պարտվեցինք մեր տարածաշրջանում իրենց հաշվարկներն ու ծրագրերն ունեցող և ամեն կերպ դրանց իրագործմանը ձգտող ուժերին: Նրանց, ում ձեռնտու չէր այն կարմիր գիծը, որ մենք գծել էինք մեր ազգային շահի տեսանկյունից, նրանց, ում պատկերացումները Հայաստանի և Արցախի մասին չեն համապատասխանում մեր պատկերացումներին։ Նրանք Հայաստանում գտան կարմիր գծեր չունեցող, իշխանության ու փողի համար ամեն ինչի պատրաստ ազգուրաց տականքների, ովքեր պոպուլիզմով մթագնեցին շատերի ուղեղները և հիմա ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում մինչև չիրականացնեն իրենց տերերի բոլոր պահանջները:
Որքան էլ աներկբա է, որ մենք միակ երկիրը չենք, որտեղ ներսի տականքը տերերի պահանջով մեծ աղետ է բերում սեփական պետության ու ժողովրդի գլխին, այնուամենայնիվ դա մխիթարություն չէ, առավել ևս՝ փրկություն հնարավոր հերթական աղետից, եթե աղետաբեր տականքը չհեռացվի իշխանությունից:
Էլ ի՞նչ է պետք չհասկացողներին հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունեցել և ինչի՞ համար, թե ի՞նչ է կատարվում հիմա և ի՞նչ նպատակ ուներ այդ ամենը, և թե այդ ի՞նչ ուժեր են, ո՞վքեր են այս ամենի շահառուները, ինչպե՞ս են նրանք այսօր ևս խաղում իշխանատենչության մոլուցքով տարված ներսի տարբեր ուժերի հետ, ի՞նչ շահեր են հետապնդում մեր երկրում ու նաև ամբողջ տարածաշրջանում:
Ուզում եմ 2018-ի իշխանափոխության գործընթացում այս և այն կողմից բոլոր ներգրավվածներին և այսօր նորից ոգևորվածներին կրկին հարցնել՝ ի վերջո, ի՞նչ ստացաք մեզ մերժելով, ինչի՞ հասաք, հիմա ի՞նչ խնդիր եք լուծում տարբեր կողմերից դարձյալ կեղտոտ արշավ ձեռնարկելով իմ և մեր քաղաքական թիմի դեմ:
Ես թե´ իմ, թե´ մեր թիմի սխալները լավ գիտեմ, կարիք չկա մեզ վրա բարդելու ուրիշների չարդարացված հաշվարկները, սին հույսերը, քաղաքական պրիմիտիվ կեցվածքը, մարդկային մոլորությունները։ Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես երբեք չարությանը չարությամբ չեմ պատասխանել, մշտապես կողմ եմ եղել առանց այն էլ փոքրաթիվ ու տրոհված, փոխադարձ անհանդուրժողականության, թշնամանքի, ատելության բացիլով ախտահարված մեր հասարակության տարբեր հատվածներին հաշտեցնելուն, համազգային ընդհանուր նպատակի շուրջ համախմբելուն:
Բայց նաև երբեք թույլ չեմ տվել և թույլ չեմ տա չարաշահել այդ վերաբերմունքը, առիթից օգտվել և անցնել բոլոր սահմանները՝ ոտնձգություն թույլ տալով իմ կամ իմ կուսակցական ընկերների արժանապատվության, անցած ճանապարհի հանդեպ: Ուստի, որքան էլ հասկանում եմ այս տգեղ, անհարկի, ժամանակավրեպ, իր խորքում նաև վտանգավոր գործընթացը արդարացիորեն քննադատող, կանգ առնելու, սթափվելու կոչեր հնչեցնող բազմաթիվ սրտացավ մարդկանց, այնուամենայնիվ ուզում եմ ասել նրանց, որ արդար չէ բոլորին նույն արշինով չափելը:
Ես և իմ գլխավորած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, հայտարարել ենք մեր պետությունը կործանման տանող միակ թիրախի և դրա դեմ պայքարելու անփոփոխ որոշման մասին: Եվ դա ուժի մեջ է լինելու մինչև այդ նպատակին հասնելը: Մենք բազմիցս ընդգծել ենք, որ մեր բոլոր հնարավորություններով աջակցելու ենք նույն նպատակը հետապնդող ցանկացած նախաձեռնության և մինչ այս պահը հավատարիմ ենք այդ որոշմանը: Դա տեսանելի է եղել ամեն օր: Մենք երբեք կողմ չենք եղել երկպառակությամբ մեր արտաքին թշնամուն ուրախություն պատճառելու, իսկ ներսում՝ նրանց պես մտածողների ձեռքերը տաքացնելու անխոհեմ քայլերին: Մեր ժողովրդի ամբողջ պատմության ընթացքում ամենախայտառակ պարտությունները պառակտվածության, «իրարուտոցիի» և դավաճանության հետևանք են: Չտեսնել սա, դաս չառնել սրանից, սադրել ու հերթական անգամ գնալ այս կործանարար ճանապարհով, նշանակում է կույր լինել մտքով: Սա ազգային ինքնաոչնչացման ճանապարհ է:
Եվ հիշեք՝ ով ստով, կեղծիքով, չարությամբ, թույնով լցված կգա մեր դեմ՝ ճշմարտությունով կզինաթափվի։ Նրանք, ովքեր պայքարի հիմնական ուղղությունը շեղում են, հավանաբար այլ նպատակ ունեն: Մեր նպատակակետը հստակ է և անփոփոխ. այս պահին առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է: Եթե մեզ հետ կողք կողքի երբեմնի պայքարողների նպատակն այսօր այլևս նույնը չէ, մեր ճանապարհները չեն կարող մեկտեղվել»: