15 Հուլիսի, 2023
Իմ կողմից հրապարակված հայտնի ձայնագրության վերաբերյալ միջգերատեսչական վեճ է առաջացել՝ Քննչական կոմիտե-Գլխավոր դատախազություն-Հակակոռուպցիոն կոմիտե, իրենց իրավասությունները չեն կարողանում որոշել: Բայց միևնույն է՝ գործը կարճվելու է, քանի որ հանձնարարություն կա, որ գործը դատական հեռանկար չունենա, ես ևս կողմնակից չեմ, որ գործը դատական հեռանկար ունենա, ընդամենը ուզում եմ քննվի և ճշմարտությունը ի հայտ գա: Ժպիտը դեմքիս երրորդ անկողմնակալ դիտորդի դեմքով հետևում եմ, թե ինչով է ավարտվելու գլխավոր դատախազություն-հակակոռուպցիոն կոմիտե գզվռտոցը: Այս մասին 24TV-ին ասել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով հունիսի 20-ին իր կողմից հրապարակված ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ հայտնի ձայնագրությանը և նախաձեռնված վարույթը նորից վերաբացելու հանգամանքին:

«Այն նպատակը, որն իմ առջև դրել եմ, դրան հասել եմ՝ ԱՄՆ պետական դեպարտամենտը տարեկան զեկույցում նշել է, որ Վարդազարյանի նկատմամբ կատարվում է քաղաքական հետապնդում, ՄԻԵԴ-ն էլ այդ գործը ընդունել է վարույթ՝ արագացված կարգով:

Իմ օրակարգում չէ, որ Գագիկ Ջհանգիրյանը քրեական պատասխանատվության ենթարկվի, որովհետև տարիքն առած մարդ է, երկար ճանապարհ անցած, մտավ մի դաշտ, որն իր տարիքին, ուժին համապատասխան չէր, իրավիճակն էլ էր փոխվել, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր Ջհանգիրյանի առջև խնդիր էին դրել»,- հավելեց Վարդազարյանը։

Անդրադառնալով դատական համակարգի ճնշումների մասին տեղեկատվությանը և ԲԴԽ-ի կողմից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի ու ևս երեք դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացին՝ Վարդազարյանը նշել է, որ իշխանության կողմից ԲԴԽ-ին հանձնարարություն է տրված՝ ձերբազատվել այն դատավորներից, ովքեր կամակատար չեն, ինքնուրույն որոշում են իրականացնում և դուխ ունեն հակառակ որոշում կայացնելու:

«ԲԴԽ-ին տրված պատվերը նույնիսկ բավական անփույթ կատարվեց, մի շարք խախտումներ արվեցին, Եվրոպական դատարանն էլ էր զարմացած մնացել: Պատվիրատուի և կատարողի միջև է վեճ առաջանալու, ասելու է՝ պատվերը չպետք էր այնդքան անփույթ կատարվեր, վստահ եմ՝ ՄԻԵԴ-ի կողմից որոշում է լինելու ընդդեմ ՀՀ-ի:

Հետ ենք գլորվել 90-ականների սկիզբ, կարծես նոր դատական իշխանություն ձևավորենք: Ցուցակ կա, որ ուզում են դատավորներից ձերբազատվել, դատավորները մատաղացու գառների նման սպասում են, թե իրենց հերթը երբ է հասնելու, ով ընդվզում է և ինքնուրույն որոշում է կայացնում, այսօրվա իշխանությունները ուզում են ձերբազատվել նրանցից», – ընդգծել է Վարդազարյանը։

kotayk

Լրահոս