ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության նկատմամբ չափազանցված են։
Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հիմա Ղազախստանի առաջարկով մենք լրացում ենք անում այս համաձայնագրում, քանի որ այնտեղ ասվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվում են համաձայնությամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ, սա չափազանցված պահանջ է։ Ղազախստանի դեպքում դա ՀԱՊԿ անդամներից մեկի օրինական կառավարության խնդրանքն էր։ Ուստի հիմա մենք համապատասխան պարզաբանում ենք մտցնում ՀԱՊԿ խաղաղապահ պայմանագրի իրավական դաշտում»,- ասաց նա։
Լավրովի խոսքով օրենսդրական դաշտի փոփոխությունները կբարձրացնեն դրա արդյունավետությունը։
ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում ներկայումս ասվում է, որ կազմակերպության անդամ պետությունների տարածքում խաղաղապահ գործունեություն իրականացնելու որոշումը կայացվում է ՀԱՊԿ անդամ պետության պաշտոնական խնդրանքի կամ ՀԱՊԿ որոշման հիման վրա: