22 Օգոստոսի, 2024

Պարույր Սեւակում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է ներհամայնքային ճանապարհ:Ծրագրի արժեքը 50 մլն դրամ է, որից 27 մլն-ը հատկացրել է Կառավարությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել:

Նա նշել է, որ գյուղում կառուցվում է նաեւ նոր դպրոց: Փաշինյանը հայտնել է, որ  Պարույր Սեւակ բնակավայրում եւս 16 միլիոնի ծրագրով կառուցվում են անհատական բնակելի տներ:

Ծրագրի շրջանակում Երասխում կա 76 հաստատված հայտ, որից 32-ը վարկավորված է ու շինարարության փուլում, Պարույր Սևակում 69 հաստատված, որից վարկավորվել է 7-ը։

«Գյուղի բնակիչների հետ զրույցում քննարկեցինք առկա խնդիրները: Առաջնահերթ էր ջրի հարցը, մեր առաջիկա քայլերը կուղղվեն այդ խնդրի լուծմանը»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Բնակիչներից մեկը բողոքել է, որ իրենց հայտը մերժվել է, սակայն այլ տեղերից եկածների հայտերը հաստատվել են, ինչին ի պատասխան Փաշինյանը բնակչին է մեղադրել, որ ծրագրից լավ տեղյակ չեն եղել, որ չեն կարողացելօգտվել:

«2 տարի խնդրում ենք, համայնքի ղեկավարին խնդրում ենք, մարդուն խնդրում ենք, բոլորին խնդրում ենք, ձեռքները թափ են տալիս, ասում են, աաաա, սրանք էլի եկան, ստից-մտից խոսացին, հենց տեսան ծրագիրը փակվեց, մարդիկ սարքում են տները, ասում են, աաա, ինչ եղավ: Առավոտից հեռուստացույցով խոսում եմ, ֆեյսբուքով խոսում եմ, ինստագրամով խոսում եմ, տիկտոկով խոսում եմ, քնած տեղը խոսում եմ, կենդանի խոսում եմ, քնած խոսում եմ, արթուն խոսում եմ, էէէ, աաա լավ էլի»,-ասաց Փաշինյանը հավելելով, որ չի զգացվում, որ լսում են:

Փաշինյանը նաեւ հայտնել է, որ Պարույր Սևակ բնակավայրում սկսել է գործել «Կապանտեքս» կարի ֆաբրիկան. «Ներդրումային ծրագիրը գնահատվում է 700 հազար դոլար։ Ներկայումս կառուցվել են երկու արտադրական մաս, ևս երկուսի գործարկումը նախատեսվում է։ Ընդհանուր առմամբ, կստեղծվի 50 նոր աշխատատեղ»։

 

 

Լրահոս