21 Դեկտեմբերի, 2023

Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված առաջին աշխատաժողովը՝ Հայաստանի կողմից Կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ կամավոր ազգային զեկույցի մշակման գործընթացի վերաբերյալ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի, շահագրգիռ գերատեսչությունների, ՄԱԿ գործակալությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ գալիք տարվա հուլիսին Հայաստանի կողմից 3-րդ կամավոր ազգային զեկույցը ներկայացվելու է Հայաստանի համար լրջագույն մարտահրավերների պայմաններում՝ կապված նախորդ կամավոր ազգային զեկույցից ի վեր աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններով: Այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է կամավոր ազգային զեկույցը՝ որպես ուղենիշային փաստաթուղթ, որը վերհանելով Հայաստանի ձեռքբերումներն ու առկա բացերը, կարևոր ուղեցույց կհանդիսանա Հայաստանում կայուն զարգացման 2030 Օրակարգի իրականացման ուղղությամբ առաջիկա անելիքների և ծրագրերի համար:

Վահան Կոստանյանը կարևորել է զեկույցի պատրաստման գործընթացում ներառականության ապահովումը, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների ներգրավվածությունը։

Աշխատաժողովի ընթացքում ՄԱԿ հայաստանյան գրասենյակի և ՄԱԿ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Կայուն զարգացման նպատակների իրականացման ընթացքի, 2024թ.-ին ՀՀ կողմից ներկայացվելիք կամավոր ազգային զեկույցի մշակման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների և հետագա համագործակցության հետ կապված հարցերը։

kotayk

Լրահոս