7 Ապրիլի, 2025

Փաշինյանը միտումնավոր է զոհաբերել Արցախը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», — նշել են Հայաստանի Արտգործնախարարությունից։

ԱԳՆ այս հայտարարությունը, որին բնորոշ է սեփական քաղաքականության ձախողման պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու փաշինյական ոճը, իր բնույթով մանիպուլյացիոն է:

Փորձ է արվում ԼՂ ղեկավարության վրա բարդել Արցախի կործանման, խաղաղության պայմանագրում ԼՂ խնդիրը անտեսելու պատասխանատվությունը:

Իրականությունը, սակայն, այն է, որ ԼՂ խնդիրը՝ որպես հակամարտություն, փակել է Նիկոլ Փաշինյանը՝ 2022թ-ի հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում, քառակողմ հայտարարության շրջանակներում, ԼՂ-ն ճանաչեց ունիտար Ադրբեջանի մաս:

Հենց դրա հետևանքով է ԼՂ խնդիրը դուրս եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից:

Ընդ որում, պնդում եմ, որ Փաշինյանը միտումնավոր է զոհաբերել Արցախը՝ ոչ այնքան խաղաղության հասնելու, որքան Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու հիմքեր ստեղծելու համար»:

Լրահոս