Երեկ՝ ապրիլի 6-ին, առեղծվածային թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում «Մուրացան» մանկական հիվանդանոցից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Լազոյի փողոցի շենքերից մեկից, ըստ նախնական տեղեկությունների, մաքրող միջոցի համար նախատեսված հաբերն ուտելու հետևանքով «թունավորում քիմիական նյութով» ախտորոշմամբ մոր ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ:
Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան 3-ամյա Արևիկ Հ.-ն է:
Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քանի որ երեխան հիվանդանոց է ընդունվել բավականին թույլ վիճակում, Շենգավիթի համայնքային ոստիկանները հսկայածավալ օպերատիվ և գրագետ աշխատանքի արդյունքում պարզել են, որ ապրիլի 5-ին՝ կեսգիշերին մոտ, «Յանդեքս» ընկերության կողմից օգտագործվող «Opel» մակնիշի ավտոմեքենայով երեխայի 30-ամյա մայրը իր աղջկա հետ Գարեգին Հովսեփյան փողոցից ուղևորվել է դեպի Լազոյի փողոց, ճանապարհին էլ տաքսու վարորդը երեխային հյուրասիրել է անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ, և այն ուտելուց հետո երեխան սկսել է թուլանալ, առաջացել է սրտխառնոց։ Հայրը կասկածել է, որ երեխան թունավորվել է, նրան շտապ տեղափոխել է հիվանդանոց:
Շենգավիթի ոստիկանները հսկայածավալ աշխատանքի արդյունքում հայտնաբերել են «Յանդեքս» տաքսի ծառայության կողմից օգտագործվող ավտոմեքենան ու վարորդին։ Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Արմեն Դ-ն, հրավիրվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ խոստովանել է, որ ինքն է եղել վարորդը, կոնֆետը ինքն է հյուրասիրել, իսկ այդ կոնֆետներն իրեն հյուրասիրել էին օտարերկրացի 2 քաղաքացի, որոնց ինքը չի ճանաչել, պարզապես որպես ուղևոր ճանապարհից վերցրել է:
Նրա ավտոմեքենայում Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են նաև օտարերկրացիների տված կասկածելի կոնֆետները:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փախնցվել են ՀՀ քննչական կոմիտ եւ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ օտարերկրացիների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ: