29 Ապրիլի, 2024

Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Արսեն Թորոսյան. – Սյուների միջև նաև նկարագրվում է փաստաթղթով, թե ինչպես է անցնում սահմանը։

«Ազատություն». – Ո՞ր փաստաթղթով։

Արսեն Թորոսյան. – Երկու հանձնաժողովները դա նկարագրում են։ Եվ նաև լինելու է Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացում։ Կա՛մ դա կլինի միջպետական համաձայնագիր՝ վավերացումով, կա՛մ առանձին օրենք։ Էդ մասով ենթադրում եմ մեր իրավաբաններն աշխատում են:

«Ազատություն». – Երբ սյունը տեղադրվեց, դրա մասին պե՞տք է լինի ինչ -որ փաստաթուղթ։

Արսեն Թորոսյան. – Դա կա արդեն, դա միջպետական համաձայնագիրն է Ալմա Աթայի, որ 2 պետությունները միացել են և ասել են, որ ճանաչում են։ Հիմա այդ ճանաչումը ամրագրվում է գետնի վրա, մենք նոր սահման չենք ձգում։ Նոր սահման գծելը ուրիշ իրավական ընթացակարգ է ենթադրում, սա մեր ունեցած, 2 պետությունների միջև եղած սահմանի պարզապես գետնի վրա ամրագրումն է։

«Ազատություն». – Բայց այդ ընթացքում կողմերը ինչ-որ բան ստորագրո՞ւմ են, որ օրինակ՝ սահմանն անցնում է այստեղով:

Արսեն Թորոսյան. – Ենթադրում եմ, որ էդ նկարագրության տակ ստորագրություններ կդրվեն, չեմ կարող ասել ինչ ընթացակարգով, կամ էդ ստորագրությունները ովքեր կդնեն։ Գիտեք ինչո՞վ է պայմանավորված, նախկին նկարագրություններն այլևս ժամանակի ընթացքում վալիդ չեն։ Այդ նկարագրությունները շատ հաճախ, օրինակ, որ (սահմանը) անցնում է գետակի ափով կամ այգու կողքով, կամ ծառի մոտով, դրանք այլևս չկան։ Հետևաբար նոր նկարագրություն է գրվում, որը կարծում եմ ինչ-որ կերպ պետք է ամրագրվի։ Այսինքն գործող, իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա նոր նկարագրություն է արվում։

kotayk

Լրահոս