Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անակնկալ մուտքը քաղաքականություն այն էլ ԲՀԿ դաշինքով, շատերի խաղաքարտերն է խառնել: Տեղեկությունների համաձայն Վարդան Ղուկասյանը Շիրակի մարզի ԲՀԿ ռեյտինգային ցուցակում Վարդևան Գրիգորյանից հետո երկրորդն է լինելու: Ինչը տարատեսակ խոսակցությունների առիթ է դարձել: Ոմանց խոսքերով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նախկին քաղաքապետին իր թիմ ներգրավելով, այնքան էլ ճիշտ ընտրություն չի կատարել: Նրանց կարծիքով Վարդան Ղուկասյանը վաղուց կորցրել է նախկին ազդեցությունն ու դիրքը: Ոմանք էլ հակված են կարծելու, որ ՀՀԿ-ից վիրավորված, Գյումրիում դեռևս բավականին հեղինակություն վայելող նախկին քաղաքապետը ի զորու է սարեր շուռ տալ: Ով եւ ինչու միջնորդեց նրա ԲՀԿ դաշինքին միանալուն: Նախապես պտտվող խոսակցությունների համաձայն Վարդան Ղուկասյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը կազմակերպել էր Վարդևան Գրիգորյանը, ում ԲՀԿ-ն բոլորից շատ է վստահում: Բայց ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրից տեղեկացանք, որ Վարդան Ղուկասյանի քաղաքական «քավորը» Վարդևան Գրիգորյանը չէ: «Ապարն էստեղ կապ չունի, ավելին նախկին քաղաքապետի ու նրա հարաբերությունները վաղուց այնքան էլ հարթ չեն»,-ասաց մեր աղբյուրը տեղեկացնելով, որ Վարդան Ղուկասյանին ԲՀԿ-ին միանալու համար միջնորդել է Վերահսկիչ պալատի նախագահ, այժմ արդեն «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբի ղեկավար Իշխան Զաքարյանը: Վերջինիս միջնորդությունը հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանը տվել է իր համաձայնությունը: Նշենք, որ մեզ հետ զրույցում Վարդևան Գրիգորյանն անդրադառնալով Վարդան Ղուկասյանի ԲՀԿ դաշինքին միանալուն ասաց, որ դա իր նրա ցանկությունն է եղել, ինքն է անձամբ դիմել կուսակցության առաջնորդին: Իր վերադարձը Ղուկասյանը չմեկնաբանեց, միայն ընդգծեց, որ կար դրա անհրաժեշտությունը, քաղաքականությունում իրեն տեսնում է Ծառուկյանի կողքին:
Նյութի աղբյուրը ` hraparak.am