25 Հունիսի, 2024
Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքում բռնկված հրդեհի վայրում հայտնաբերվել է ևս չորս զոհի դի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ արտակարգ իրավիճակների ծառայություններին հղումով։

«Առավոտյան շենքի յոթերորդ հարկում հայտնաբերվել են զոհերից չորսի դիերը»,- հայտնել է գրծակալության աղբյուրը։

Նախօրեին հաղորդվել էր, որ երկու տղամարդ հրդեհից փրկվելու համար նետվել են պատուհանից, սակայն նրանց փրկել չի հաջողվել։ Այսպիսով՝ այս պահի դրությամբ հայտնի է վեց զոհի մասին։

Ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով օպերատիվ ծառայություններին, հայտնել էր, որ Ֆրյազինոյում հրդեհի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է ութ մարդ։

«Երկու մարդ զոհվել է հրդեհից փրկվելու համար պատուհանից նետվելու պատճառով։ Վեց մարդ մնացել է շենքում, որտեղ փլուզումներ են եղել», – ասել է գործակալության զրուցակիցը՝ պարզաբանելով, որ հրդեհի պահին ծխով լցված սենյակներում եղել է ինը մարդ, նրանցից միայն մեկին է հաջողվել փրկել։

Այս պահի դրությամբ՝ հրդեհի հետևանքով տուժածների ու զոհերի հստակ թիվը հայտնի չէ։ Հաղորդվում է, որ հրդեհից տուժածներից մեկը գտնվում է ծանր վիճակում։ Ծխից թունավորված ևս երկու մարդ առաջին բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հոսպիտալացումից։ Վերջինները հրշեջ ծառայության աշխատակիցներ էին։

Հիշեցնենք, որ մորձմոսկովյան Ֆրյազինո քաղաքում հունիսի 24-ին խոշոր հրդեհ էր բռնկվել «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտում։ Հաղորդվում է, որ հրդեհներ էին բռնկվել 8-հարկանի շենքի 5-ից 7-րդ հարկերում։ Նախնական տվյալներով՝ հրդեհը պայմանավորված է եղել էլեկտրալարերի անսարքությամբ։

 

 

kotayk

Լրահոս