Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրում, որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։
Փոփոխությունների նպատակն է շահառուների շրջանակը դարձնել առավել նպատակային և թիրախային, հնարավորություն տալով միայնակ ծնողներին այրիներին, այդ թվում զոհվածների ընտանիքներին ևս օգտվել ծրագրից, ինչպես նաև ծրագրի պայմաններում իրականացնել որոշակի հստակեցումներ։ Ըստ այդմ առաջարկվում է սահմանել շահառուների նոր շրջանակ այն դարձնելով առավել նպատակային և թիրախային, ինչպես նաև հստակեցնել որոշ ձևակերպումներ։ Մասնավորապես առաջարկվող լրացումներով Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում տրվում է 5 մլն հավելում, ինչը լրացուցիչ կխրախուսի նշված բնակավայրերում կառուցապատում իրականացնելը։ Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագրի գործնական փուլ մտնելուց հետո բավականին մեծ դիմելիություն է արձանագրվել:
Այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել է ավելի քան 1330 շահառուների հայտ, որոնցից միայն 1080-ը 2024 թ.:
«Եվ սա այն դեպքում, երբ մենք կանխատեսել էինք, որ 2024-ին կունենանք շուրջ 550 հայտ: Տավուշի մարզում եղել է 809, Սյունիքում 167, Վայոց ձորի մարզում 167, Գեղարքունիքում 85, Արարատի մարզում 106 հայտ: 850-ի հետ արդեն կան հիփոթեքային վարկավորման պայմանագրեր, և տրամադրվել են վարկերը. մնացածը գտնվում են ամենատարբեր փուլերում»,-ասել է ԱՍՀ նախարարը:
Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ ծրագրի նպատակայնությունը գնահատելու համար կիրականացվի ուսումնասիրություն հասկանալու համար, թե ծրագրում ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կարող է առաջանալ: «2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 603 ընտանիքների մասով ուսումնասիրություն է կատարվել, և արդյունքները ցույց են տալիս, որ, օրինակ թվով 292 շահառու ամուսինների գումարային տարիքը գերազանցում է 80-ը, որոնցից 137-ը չունեն երեխա, շահառուներից 107-ը քաղաքաբնակ են, իսկ 496-ը գյուղաբնակ: Քաղաքաբնակներից 36-ն են հաշվառված Երևան քաղաքում, սա նշանակում է, որ դեռևս ռիսկային չէ շահառուների հաշվառման վայրի նկատմամբ սահմանափակումներ չկիրառելը: Ելնելով այս ուսումնասիրություններից առաջարկում ենք ծրագրում կատարել փոփոխություններ»,- ասել է նախարարը:
Որոշմամբ շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից: Նաև առաջարկվում է մինչև 2000 հայտը բավարարելուց հետո մի փոքր դադար վերցնել, ուսումնասիրել խնդիրները, վերլուծություն կատարել, այնուհետև շարունակելու որոշում կայացնել:
Անդրադառնալով որոշմանը Նիկոլ Փաշինյանը նշել է. «Որոշակի դադար, համաձայն եմ, որ վերցնենք, որովհետև մենք մի ուրիշ ուսումնասիրություն էլ ունենք անելու փոխվարչապետ Խաչատրյանի առաջարկությամբ: Մենք պետք է գնանք և ուսումնասիրենք, թե ինչքանով է երաշխավորվում ծրագրի ավարտը: Այսինքն մարդը սկսել տան շինարարությունը, մենք ի՞նչ մեխանիզմներ ենք ստեղծել այն ավարտելու համար: Մեկ, երկու ահազանգերի պարագայում սկսեցինք մտավախություն ունենալ, որ արդյունքում կարող ենք ունենալ ոչ թե տներ, այլ կիսակառույցներ: Հիմա մենք պետք է համոզվենք, որ այս ռիսկը բավարար չափով կառավարում ենք, հետագայի համար որոշում կկայացնենք»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է. «Մեր հիմնական խնդիրը և նպատակը եղել է սահմանամերձ գյուղերում որոշակի աշխուժություն, եռուզեռ մտցնելը, և առնվազն մի շարք գյուղերում այդ եռուզեռն առկա է, ինչի համար մենք ուրախ ենք»: