Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի նոյեմբերի 18-ից ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնում կմեկնարկի մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման հերթական 8-օրյա դասընթացը, որի արդյունքներով մասնակիցների թեստավորումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։
Դասընթացը նախատեսված է մաքսային ձևակերպումների մասնագետի գործող որակավորում ունեցող անձանց համար։ Այս համատեքստում ՊԵԿ-ը հիշեցնում է, որ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ստացած անձը կորցնում է այդ որակավորումը, եթե վկայականն ստանալու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա ընթացքում չի հավաքում որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ քանակի միավորներ: Նշված անձանց որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ տարեկան միավորների հաշվարկը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ մինչև 2025 թվականի հունվարի 30-ը:
Վերապատրաստման դասընթացների և դրանց ամփոփիչ քննությունների անցկացման կարգը և հաճախականությունը, անհրաժեշտ տարեկան միավորների քանակը, ինչպես նաև հաշվառման կարգը սահմանված են ՀՀ ՊԵԿ նախագահի 2023 թ․ հունիսի 9-ի թիվ 579-Ն հրամանով:
Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ անհրաժեշտ քանակի միավորները կարելի է հավաքել նաև մաքսային մարմնի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին մասնակցելու և դրանց ամփոփիչ քննությունները հանձնելու միջոցով:
Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման առաջիկա դասընթացին և դրա ամփոփիչ քննությանը մասնակցելու պայմաններին կարող եք ծանոթանալ ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի պաշտոնական կայքէջում։