Դատելով Ռ. Քոչարյանի այսօրվա ասուլիսից՝ նա, փաստորեն, լիովին վստահում է ՀՀ չգործող ընտրական համակարգին և պատրաստվում է կրկին մտնել նույն գետը՝ երկրի և ազգի համար կանխատեսելի կորստաբեր հետևանքներով։ Այս մասին գրել է Արմեն Այվազյանը.
«Արդեն ակնհայտ է, որ առաջիկայում խորհրդարանական «ընդդիմությունը» չի ներկայանալու նոր ղեկավար դեմքերով՝ հայ ժողովրդին թողնելով «հին» և «նոր» վարկաբեկված իշխանությունների միջև մահագույժ ընտրանքի առաջ։
Ռ. Քոչարյանն ընդունեց, որ իր գլխավորած քաղաքական թիմի վարկանիշը ցածր է։ Այսինքն՝ նրա ամբողջ հույսն այն է, որ ընտրությունների պահին Ն. Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշն ավելի ցածր կլինի։ Բայց կարելի՞ է արդյոք ցածր վարկանիշով մասնակցել Հայաստանի համար ճակատագրական ընտրություններին՝ վերարտադրվելու լայն հնարավորություններ ստեղծելով ներկայիս թուրքամետ իշխանության համար։
Այս ամենը նշանակում է, որ օտար գաղութարար ուժերը նպատակ ունեն վերարտադրել փաշինյանական խունտան՝ օրինականացնելով վերջին տարիների նրա հանցավոր գործունեությունը։ Առհասարակ, այն ուժերը, որոնք ստիպում են Ռ. Քոչարյանին և Ս. Սարգսյանին մասնակցել ընտրություններին, ցանկանում են Հայաստանի ղեկին տեսնել Ն. Փաշինյանին։ Մնալով իշխանության ևս 5-6 տարի՝ ՆՓ-ն ու ՔՊ-ն, ըստ ամենայնի, նոր թափով կշարունակեն առաջ մղել Հայաստանի թուրքացման և կործանման գործընթացը։
Սա էր, թերևս, ամենահիմնական ու ցավալի հետևությունն այսօրվա ասուլիսից։
Մեկ դիտարկում ևս։ Ռ. Քոչարյանը կարճ անդրադարձավ ՀՀ-ում բանակաշինության խիստ անբավարար վիճակին, բայց նրա խոսքում որևէ բան չհնչեց հայ ժողովրդին համընդհանուր ինքնապաշտպանության նախապատրաստելու, աշխարհազորային ուժեր կազմավորելու և ազգ-բանակ հայեցակարգով պետությունը վերակառուցելու անհրաժեշտության մասին։ Ինչպես և նախկինում, Ռ. Քոչարյանը չներկայացավ որպես հայ ռազմավարական ու գաղափարախոսական մտքի կրող, ինչն օրհասական այս ժամանակներում այնքան կարևոր է հայությանը համախմբելու, ոգեշնչելու և նոր շունչ հաղորդելու համար։ Ընդհանրապես, նախընտրական ծրագրերով և ելույթներով հանդես եկող գործիչներին և ուժերին պետք է գնահատել հայկական ԻՐԱԿԱՆ քաղաքական օրակարգի այս պարտադիր դրույթների նկատմամբ վերաբերմունքով։
Վերջապես, հարկ է հասկանալ, որ շեշտը պետք է դրվի ոչ թե դիվանագիտական խաղերի և հնարքների, այլ պետականաշինության ու նախևառաջ ազգային անվտանգության գործուն համակարգ ստեղծելու վրա։
Այսքանով առայժմ կբավարարվեմ»։