1 Դեկտեմբերի, 2016

Ձևական ավարտում ենք էլի… Երիտասարդական հիմնախնդիրները մեր երկրում բազմազան են, բայց առաջին և, թերևս, ամենակարևոր հիմնախնդիրն է կրթական համակարգը: Սովետական կրթական համակարգից հրաժարվելով և անցում կատարելով եվրոպական Բոլոնյան համակարգին մեր Կառավարությունը երբեք չուսումնասիրեց այդ համակարգի դրական և բացասական կողմերը կանգնեցնելով ուսանողներիս մի ավելի հիմար իրավիճակում, երբ, իբր, պետք է կրթական ոլորտը բարելավում ունենար, սակայն տեղի ունեցավ լրիվ հակառակը: Այս ամենը խոսում է ընդամենը մեկ բանի մասին արտասահմանյան գրանտներից և օգնություններից սնուցվող մեր պետական չինովնիկներին չի հետաքրքրում ոչինչ, կարևորը իրենց գրպանի պարունակությունը երբեք չդատարկվի: Երբ իրականացնում եք նման ծրագրեր, պետք է առաջին հերթին հաշվի առնեք ուսանողների կարծիքը: Անորակ կրթության փոխարեն պետք է համակարգային լուրջ աշխատանք: Օրինակ ողջ բուհական համակարգը կենտրոնացրել եք Երևանում և մոռացել եք, որ երկրում ունեք տասը մարզ:

Փոխարենը բոլոր մարզերի մարզկենտրոններում ձևավորեք կրթական համալիրներ, ԲՈՒՀ-եր, որ այնտեղի երիտասարդների համար հեշտ լինի, մտածում եք միայն ձեր մասին: Գոնե մեկ անգամ խոսել եք մարզից Երևան եկած ուսանողի հետ, հարցրել եք նրան իր դժվարությունների մասին, հարցրել եք, թե ինչ ահռելի գումարներ է ծախսում իր վարձակալած տան և ապրուստի համար, առավել ևս, երբ անգամ հնարավորություն չունի աշխատելու ուսանող տարիներին:

Գլոբալ թեմաներից անցում կատարելով իմ սեփական փորձին ուզում եմ դիմել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին առ այն, որ ես արդեն երեք տարի է, ինչ սովորում եմ Երևանում, երեք տարի է,ինչ կտրվել եմ իմ հայրաքաղաք Գյումրիից: Արդեն մի քանի տարի է, ինչ քաղաքապետ եք, արդեն մի քանի ամիս է, ինչ վերըտրվել եք, բայց առհասարակ չեք մտածում ՀՀ երկրորդ քաղաքի երիտասարդների մասին, երիտասարդների զբաղվածության և առօրյայի մասին, էլ ուր մնաց Շիրակի մարզկենտրոնում կրթական նորմալ համակարգ ձևավորելու մասին: Դիպլոմ եմ ստանալու և վերադառնամ իմ քաղաք, Դուք որպես քաղաքապետ, որ մինչև վերըտրվելը խոստումներ էիք տալիս բոլորիս լավ կյանքով ապահովելու համար, ինչ եք անելու, երբ գամ… Դե պատրաստվեք, գալու եմ…

Երբ Դուք Ձեր նախընտրական խոստումներում ասում էիք, որ երիտասարդների համար պետք է ստեղծվի համապատասխան միջավայր և դա կլինի այն երաշխիքը, որ իրենց կվերադառնան Գյումրի ես դա ողջունում եմ, սակայն դրան, զուգահեռ , հարց եմ ուղղում Ձեզ. Հաջորդ տարի ավարտում եմ ԲՈՒՀ-ս, գալում եմ Գյումրի, ինձ աշխատանքով ապահովելո՞ւ եք, թե՞ ոչ, եթե ոչ, ապա Ձեր ամպագորգոռ ճառերը զուտ մարդկանց շփոթության մեջ գցելու, սեփական PR-ն ապահովելու համար էր: Գոնե երիտասարդներին մի խաբեք, այդպես Գյումրին ոտքի չեն կանգնեցնում:

Անի Ղրզոյան

Լրահոս